‘Այս ձմեռը 1966-ից հետո երկրորդ ամենատաք ձմեռն էր. Հիդրոմետծառայություն’

1185

Ընթացիկ ձմեռը երկրորդ ամենատաք ձմեռն է Հայաստանում: Հիդրոմետծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ նման ձմեռ դիտվել է միայն 1966 թվականին: «Այս ձմեռը 1966-ից հետո երկրորդ ամենատաք ձմեռն էր: 1966 թվականին հունվարին Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը բարձրացել էր մինչև 17-18 աստիճան, և հունվարի վերջին ու փետրվարի առաջին օրերին Արարարատյան դաշտում դիտվել է ծիրանենու, դեղձենու և այլ պտղատուների ծաղկում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Գագիկ Սուրենյանը:

Հիդրոմետծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալի խոսքով՝ այս տարի օդի ջերմաստիճանը մի փոքր զիջում է 1966 թվականի ջերմաստիճանին, բայց պատմության մեջ է մտնում որպես երկրորդ տաք ձմեռը:

«Ձմռան ընթացում` թե՛ դեկտեմբերին, թե՛ հունվարին, ունեցել ենք ռեկորդային ջերմաստիճաններ: Դեկտեմբերի 30-31-ը Արարտյան դաշտում ջերմաստիճանը բարձրացավ մինչև 13 աստիճան, իսկ Սյունիքի հովիտներում դիտվեց մինչև 22 աստիճան տաքություն: Հաջորդ ռեկորդները գրանցվեցին հունվարի 6-7-ը, երբ Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը բարձրացավ մինչև 15, Տավուշում և Սյունիքում` մինչև 20 աստիճան տաքություն»,-նշել է նա:

Գագիկ Սուրենյանի խոսքով՝ դեկտեմբեր-հունվար ամիսներին ցուրտ ներխուժումներ գրեթե չեն  դիտվել: «Միայն հունվարին մեկ օր է եղել` հունվարի 8-ին, երբ ձյուն տեղաց: Մնացած օրերին հանրապետությունը գտնվել է հարավ-արևմտյան տաք օդային հոսանքների գոտում, ինչի արդյունքում դեկտեմբեր-հունվարին օդի ջերմաստիճանը բարձր է եղել 4-5 աստիճանով: Եղել են նաև օրեր, որ մինչև 13 աստիճան նորմայից բարձր է եղել»,-հավելել է նա:

Ներկա պահին ձյան ծածկ կա միայն հանրապետության լեռնային շրջաներում` Շիրակում, Կոտայքի լեռնային շրջաններում, Արագածոտնում, Գեղարքունիքում և Վայոց Ձորի լեռնային շրջաններում: Ձյան ծածկի ամենամեծ բարձրությունը Աշոցքի շրջանում է և հասնում է` 52 սմ-ի:

Նախորդ հոդվածը‘Սեյրան Օհանյան. Բերեք Պերմյակովին հանգիստ թողնենք ‘
Հաջորդ հոդվածը‘Մանր եւ միջին ձեռներեցները պատրաստվում են գործադուլի’