‘Մարդու կյանքի դեմ ոտնձգությունը չպետք է նման հրճվանքի առիթ դառնա. Մամուլ’

1430

«Քաղաքական գործիչներից մեկը «Առավոտին» տված հարցազրույցում խիստ բացասաբար էր արտահայտվել Պարույր Հայրիկյանի մասին: Զարմանալի զուգադիպությամբ` վատ կապի կամ տեխնիկական այլ պատճառով այդ նյութը տեղ հասավ ուշացումով և հունվարի 31-ի երեկոյան չհայտնվեց մեր կայքում: «Աստծո աջն է»,- նման դեպքերում ասում է ԱԻՄ նախագահը: Եթե այդ նյութը հրապարակվեր մահափորձի գիշերը, Հայրիկյանը չէր նեղանա` նա այս 18 տարում երբեք չի նեղացել իր մասին «Աոավոտում» բազմաթիվ բացասական հրապարակումներից և հակառակը` մշտապես իր գոհունակությունն էր հայտնում այն դեպքերում, երբ որևէ հոդվածի հետ համաձայն էր: Պարզապես, եթե նյութը տեղադրվեր մեր կայքում, ես ինձ վատ կզգայի:

Անկախ բոլոր տեսակի քաղաքական նախասիրություններից և գաղափարական տարբերություններից` ես կողմնակից եմ մարդկային մոտեցումների: Ես լավ չեմ հասկանում, օրինակ, թե ինչու է հացադուլ անում Անդրիաս Ղուկասյանը, բայց մեծ տհաճություն եմ զգում, երբ նրա հացադուլը սկսում են ծաղրել և դրա վերաբերյալ ցինիկ կատակներ են անում: Մարդը կամավոր զրկանքներ է կրում` հանուն ինչ-ինչ նպատակների` դա պետք է հարգել: Հայրիկյանի դեպքում համաձայն չեմ այն պնդումների հետ, թե այդ ամենը շոու է, ամեն ինչ սարքած է, պարզապես նախագահի թեկնածուն իր PR-ն է անում, վարկանիշ է բարձրացնում և այլն: Իհարկե, մարդիկ հակված են ոչ մի բանի չհավատալու ու ամեն տեղ ինչ-որ խաբեություն են տեսնում: Բայց տվյալ դեպքում կարելի է մաղթել՝ թող Հայրիկյանի չուզողները երբեք այդպիսի PR-ի հնարավորություն չունենան:

Չեմ կարող ընդունել այն հեռու գնացող «քաղաքագիտական» վարկածները, որոնք ծնվում են այդ ահաբեկչության ազդեցության տակ: Դրանց հեղինակներին իբր հայտնի են արդեն այն երկրները և դրանց հատուկ ծառայությունները, որոնք պատվիրել են հանցագործությունը: Դա ինձ հիշեցրեց այն իրավիճակը, որը ստեղծվել էր «Հոկտեմբերի 27-ից» հետո, երբ ռուսներն այդ ոճրագործությունը ուզում էին գցել Արևմուտքի, իսկ Արևմուտքը` ռուսների վրա: Այդպիսի պատասխանատու հայտարարությունների համար պետք են ինչ-որ հիմքեր, որոնք Հայրիկյանի մահափորձի դեպքում առայժմ չեն նշվում:

Վերջապես` ինձ դուր չի գալիս «արմատական ընդդիմադիր» այն մոտեցումը, որը կարելի է ձևակերպել այսպես. «Կեցցե՛ն ահաբեկիչները, նրանք խափանեցին հանգիստ ընտրություններ անցկացնելու իշխանությունների դավադիր ծրագրերը»: Չեմ կարծում, որ մարդու կյանքի դեմ ոտնձգությունը պետք է նման հրճվանքի առիթ դառնա՝ անկախ նրանից, թե ինչպիսի քաղաքական հետևանքների այն կբերի:

Պարույր Հայրիկյանը իմ թեկնածուն չէ, և ես չեմ պատրաստվում նրան ձայն տալ: Բայց այդ մարդու տոկունությունը` իր ողջ կյանքի ընթացքում, մեծ հարգանքի է արժանի:

Նախորդ հոդվածը‘Երբ կրակում են մեկի վրա, սակայն «մեսիջ» են հղում բոլորովին այլ մարդկանց. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘ Ե՛վ իրավապահները, և՛ նախագահի թեկնածուները, և՛ իշխանությունը փորձելու են կատարվածից «շահած» դուրս գալ. Մամուլ’