‘Մարտի 1-ի դեպքերը քննող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկումը հետաձգվեց մինչև երկուշաբթի’

906

Այսօր ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց ՀԱԿ խմբակցության առաջարկած՝ 2008 թ. մարտի 1-ի դեպքերը քննող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը: Քննարկմանը ներկա էին նաև մարտի 1-ին զոհվածների հարազատները:

«Նոր հանձնաժողովը չի զբաղվելու փաստերի հավաքագրմամբ, քանի որ արդեն առկա են բավարար փաստեր, բայց եթե ի հայտ գան նոր փաստեր, դրանք նույնպես կքննվեն: Առաջնային նպատակն է քննել, թե արդյոք 2008 թվականի մարտի 1-ին իրավաչափ են եղել իրավապահ մարմինների գործողությունները»,- նախագծի ներկայացման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը՝ ընդգծելով, որ տասը սպանություններից առնվազն 5-6-ը բացահայտել հնարավոր է: 
Գագիկ Ջհանգիրյանի խոսքով՝ բազմաթիվ քաղբանտարկյալների դեմ ապօրինի քրեական գործ հարուցելու պարագայում անգամ նրանցից ոչ մեկին չեն պատժել ապօրինի զնեք կրելու կամ այն օգտագործելու համար:

«Ես որևէ անձնական, նյութական կամ քաղաքական շահ չեմ հետապնդում, այլ ուզում եմ, որ այս հանձնաժողովը ստեղծվի, որպեսզի ես ավելի հանգիստ կարողանամ նայել մարտի 1-ի զոհերի հարազատների աչքերին»,- եզրափակեց կոնգրեսական պատգամավորը:

Պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանի խնդրանքով և անդամների համաձայնությամբ հարցի քննարկումը հետաձգվեց մինչև երկուշաբթի, քանի որ հանձնաժողովի որոշ անդամներ բացակա էին:

Նախորդ հոդվածը‘Ի՞նչ ունի անելու Լոնդոնում Բենիտեսը’
Հաջորդ հոդվածը‘Ամերիկուհիները որոշել են դատական կարգով վիճարկել պատերազմներին մասնակցելու իրենց իրավունքը’