‘Մեկնարկում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը. այսօր կընտրեն ԵԽԽՎ նոր նախագահին’

804

Մագնիտսկու գործը, Համացանցի ազդեցությունը քաղաքականության վրա, ներգաղթյալների ինտեգրման հարցը Եվրոպայում: Այս եւ այլ հարցերն են քննարկվելու այսօր Ստրասբուրգում մեկնարկելիք ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ժամանակ: Հիշեցնենք, որ այսօր մեկնարկելիք նստաշրջանը տեւելու է մինչեւ հունվարի 31-ը: Օրակարգում նաեւ Ուկրաինայում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ արտահերթ քննարկման հարցը ներառելու մասին դիմում կա:  

Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆայմանն ու ԵՄ խորհրդարանի ներկայացուցիչ Մարտին Շուլցը ելույթ կունենան Վեհաժողովի նստաշրջանում, իսկ ԵԽԽՎ-ն կընտրի իր նոր նախագահին, որը կպաշտոնավարի մեկ տարի` մեկ անգամ պաշտոնավարումը երկարաձգելու հնարավորությամբ:

Օրակարգի այլ թեմաներից են կլիմայի փոփոխության հարցը, ինչպես նաեւ մարդու իրավունքների ոտնահարման հարցում միջազգային կազմակերպությունների պատասխանատվության հարցը:

ԵԽ գլխավոր քարտուղար Տորբյորն Յագլանդը ելույթ կունենա Վեհաժողովի առաջ, իսկ Ավստրիայի ԱԳ նախարարը հանդես կգա ավանդական ուղերձով, ինչպես նաեւ կպատասխանի խորհրդարանականների հարցերին:

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի վերջնական օրակարգը կհաստատվի նստաշրջանի բացման օրը. այսօր:

 

Օրակարգի նախագիծ

 

Հունվարի 27

Վեհաժողովի նախագահի եւ տեղակալի ընտրություն

Բյուրոյի մշտական հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ զեկույց

Նախարարների կոմիտեի անունից` Ավստրիայի ԱԳ նախարարի ուղերձը

Դեբատներ

 

Հունվարի 28

Դանիայի կողմից` ՄԻԵԴ դատավորի ընտրություն

Սերգեյ Մագնիտսկու գործի եւ նրան սպանողների վերաբերյալ քննարկում

Ուղերձ, որը կհղի ԵԽ գլխավոր քարտուղար Յագլանդը

Եվրոպայում ռասիզմի եւ անհանդուրժողականության կանխարգելման ռազմավարության վերաբերյալ հարցի քննարկում  

Պաղեստինի ազգային խորհրդի հետ ժողովրդավարական փոխգործակցության գնահատում

 

Հունվարի 29

Համացանցը եւ քաղաքականությունը. նոր ինֆորմացիոն եւ կոմունիկացիոն տեխնոլոգիաների ազդեցությունը ժողովրդավարության վրա

Մարտին Շուլցի ելույթը

Սիրիացի փախստականների հարցի քննարկում. Ինչպես կազմակերպել միջազգային օգնությունը

Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Նիլս Մուժնիեկսի ելույթը

Եվրոպայում ներգաղթյալների ինտեգրացիայի հարցի քննարկում

 

Հունվարի 30

Ընթացիկ հարցերի քննարկում

Ավստրիայի կանցլերի ելույթը

Գլոբալ անհավասարության դեմ գործողությունների ակտիվացում. Եվրոպայի ներդրումը Հազարամյակի զարգացմանը միտված գործընթացներում

 

Հունվարի 31

Տրանսսահմանային հեռուստաընկերության մասին Եվրոպական կոնվենցիայի վերանայում

Մարդու իրավունքների ոտնահարման հարցում միջազգային կազմակերպությունների պատասխանատվության հարցի քննարկում

 

Ինչպես արդեն նշեցինք, այսօրվա նիստը սկսվելու է ԵԽԽՎ նախագահի ընտրությամբ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, առաջադրվել են երկու թեկնածուներ. Անն Բրասսորը (ALDE), եւ Ռոբերտ Ուոլտերը (EDG):

Ընտրվելու համար թեկնածուն պետք է ստանա առնվազն 159 ձայն` 317-ից` քվեարկության առաջին եւ երկրորդ փուլերում: Եթե դա հնարավոր չլինի, երրորդ փուլում ամենաշատ ձայն ստացած թեկնածուն կհռչակվի հաղթող:

 

Նախորդ հոդվածը‘Հունվարի 26-ին ծնվել է ռադիոֆիզիկոս, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ռաֆայել Ղազարյանը’
Հաջորդ հոդվածը‘Հայտնաբերվել է 64-ամյա Ա. Գ.-ի դին’