‘Մետրոպոլիտենի հեռացված աշխատակիցներին մոտ 15 ընկերություն աշխատանք է առաջարկել’

908

Արդեն 15 ընկերություն աշխատանք է առաջարկել Մետրոպոլիտենի երեք մեքենավարներին, ովքեր փետրվարի 12-ին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիային մասնակցելու պատճառով ազատվել էին աշխատանքից: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է աշխատանքից հեռացված Գագիկ Գալստյանը:

«Մարդիկ, իմանալով, որ մեզ անհիմն գործից հեռացրել են, զանգում ու մեզ աշխատանք են առաջարկում: Երեւի մոտ 15 առաջարկ արդեն ունենք: Կարծում եմ՝ մարտի 1-ից կանցնենք գործի»,- ասել է Գագիկը՝ չցանկանալով մանրամասնել, թե ինչպիսի առաջարկներ են ստացել:

Բացի Գագիկ Գալստյանից՝ փետրվարի 14-ին ազատվել են նաեւ Սեւակ Հովհաննիսյանն ու Անդրանիկ Գեւորգյանը: Երեկ՝ փետրվարի 17-ին նրանք հանդիպել են ընկերության տնօրենի հետ եւ ստորագրել ազատման փաստաթղթերը:

«Պաշտոնապես ասացին, որ աշխատանքային անվստահության պատճառով են ազատում, իսկ ներքին կարգով հասկացրին, որ ակցիային մասնակցելու համար: Ասացին՝ ինչի եք է ակցիային մասնակցել»,- պատմեց Գագիկը:

Մետրոպոլիտենի աշխատակիցներն արդեն փաստաբան ունեն, որն այս պահին ծանոթանում է գործին Սակայն Գագիկ Գալստյանն ու ընկերները դեռ հստակ չեն որոշել՝ դատարան դիմելու են, թե ոչ:

Նախորդ հոդվածը‘Յանուկովիչը կոչ է անում անհապաղ դադարեցնել զինված դիմադրությունը Կիեւում’
Հաջորդ հոդվածը‘Մեկ օրվա ընթացում Կիեւում զոհվել է ավելի քան 20 մարդ’