‘Միխայիլ Վարդանյանը նշանակվել է Բայկոնուր տիեզերակայանի ղեկավար’

943

Բայկոնուր տիեզերակայանի նոր ղեկավար է նշանակվել Միխայիլ Վարդանյանը: Այդ մասին «РИА Новости»-ին հայտնել է Ռոսկոսմոսի մամուլի ծառայության ղեկավար Իրինա Զուբարևան:

«Հաստատում եմ Միխայիլ Վարդանյանին «Վերգետնյա տիեզերական ենթակառուցվածքի օբյեկտների շահագործման կենտրոն-«Յուժնի» տիեզերական կենտրոն» համերկրային պետական ունիտար ձեռնարկության մասնաճյուղի տնօրենի պաշտոնում նշանակելու մասին հրամանը»,- Զուբարևայի խոսքերն է մեջբերում «Արմենպրեսը»:

Միխայիլ Վարդանյանը ծնվել է 1959 թվականի մարտի 20-ին Գրոզնի քաղաքում: 1981 թվականին ավարտել է Մոժայսկու անվան ռազմաինժեներական ինստիտուտը, 1990 թվականին՝ Ձերժինսկու անվան ռազմական ակադեմիան:

Վարդանյանի ամբողջ կյանքն ու կարիերան կապված է Բայկոնուրի հետ: 1981-ից մինչև 2011 թվականը նա տիեզերակայանում ծառայել է ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի զինված ուժերի ինժեներային և հրամանատարաշտաբային պաշտոններում, զորամասերից մեկի բաժանմունքի ինժեներից հասնելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության հինգերորդ պետական փորձարարական տիեզերակայանի պետի պաշտոնին (Բայկոնուր տիեզերակայանն այդպես էր կոչվում մինչև իր ապառազմականացումը):

Վերջին տարիներին Վարդանյանն աշխատում էր «Կորպորացիա «ՎՆԻԻԷՄ» ԲԲԸ-ում որպես գլխավոր տնօրենի տեղակալ, «Վերգետնյա տիեզերական ենթակառուցվածք» ընկերության ղեկավար:

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ ղեկավարը մտահոգություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության աճի առնչությամբ’
Հաջորդ հոդվածը‘Հակերային հարձակում հայկական շուրջ 300 կայքի վրա’