‘Միխեիլ Սաակաշվիլիի. Հայաստանին անկյուն են քշել և ստիպել են մտնել Մաքսային միություն’

1218

Ձեզ ենք ներկայացնում ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ելույթից մի քանի հատված, որոնք վերաբերում են տարածաշրջանային վերջին զարգացումներին և մասնավորապես Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ Հայաստանը պատրաստվում է անդամակցել ՄՄ-ին:

«Այս պահին, երբ ես ելույթ եմ ունենում ձեր առջեւ, Արեւելյան Եվրոպայի այն երկրները, որոնք ձգտում են դառնալ եվրոպական ընտանիքի անդամ, ազատ եւ ժողովրդավարական երկրների համագործակցության անդամ, մշտական ճնշումների եւ սպառնալիքների են ենթարկվում:

Հայաստանին անկյուն են քշել եւ ստիպել են մտնել Մաքսային միություն, ինչը չի բխում ոչ նրա, ոչ էլ՝ մեր տարածաշրջանի շահերից: Մոլդովային շրջափակում են հայտարարել, հարձակումներ են գործում Ուկրաինայի հանդեպ, Ադրբեջանը դեմ առ դեմ է մնացել յուրօրինակ ճնշման հետ, Վրաստանն էլ օկուպացված է»:  

Սահակաշվիլին անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտությանը.

«Ի՞նչ եք կարծում, օրինակի համար, ցանկանո՞ւմ է արդյոք Վլադիմիր Պուտինը, որպեսզի Հայաստանը ամբողջությամբ հաղթանակ տանի Ադրբեջանի հանդեպ: Ոչ, քանի որ դա կնշանակի, որ Հայաստանը չափից շատ ուժեղ ու անկախ կլինի:
Կարծում եք՝ իրականությունը հակառա՞կն է, այսինքն Մոսկվան  ցանկանում է, որ Բաքո՞ւն հաղթանակ տանի Երեւանի հանդեպ: Իհարկե՝ ոչ: Մոդեռնիզացված Ադրբեջանի վերածնունդը ռուսական առաջնորդների համար մղձավանջին հավասար մի բան կլիներ:

Ոչ, նրանք չեն ցանկանում կողմերից եւ ոչ մեկի հաղթանակը: Նրանց նպատակը բուն հակամարտությունն է, քանի որ այն ապահովում է երկու կողմերի կախվածությունը եւ խոչընդոտում է նրանց եվրոպական ինտեգրմանը”:

Նշենք նաև, որ Վրաստանի նախագահի ելույթից քիչ անց ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչությունը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «2008 թ. Հարավային Օսիայում սանձազերծած արյունալի արկածախնդրությունից հետո Սաակաշվիլիի ելույթները ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում աչքի են ընկնում կոշտ հակառուսաստանյան հարձակումներով: Այս անգամ դա նույնիսկ ելույթ չէր, այլ զառանցանքների հավաքածու, որը ոչ միայն հակառուսաստանյան, այլև ռուսոֆոբիական և հակաուղղափառ բնույթ ուներ: Վրաց ժողովրդի համար՝ բարեբախտաբար՝ մոտ է այդ մարդու քաղաքական կարիերայի մայրամուտը, որի հոգեկան վիճակը մասնագիտական գնահատականի կարիք ունի»:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Ցանկացած այլ օրակարգ ծառայելու է այս ռեժիմի պահպանմանը’
Հաջորդ հոդվածը‘Նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը նշանակվել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան’