‘Մինչ Հայաստանում գազը թանկացնում են, Եվրոպայում գազի միջին սակագինը նվազել է 8 տոկոսով ‘

1258

2013 թվականի առաջին եռամսյակում ռուսական գազի միջին սակագինը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, եվրոպական շուկայոմ նվազել է 8 տոկոսով՝ հազար խորանարդ մետրի համար դառնալով 409.3 դոլար: Այդ մասին, ինչպես փոխանցում է Quote.rbc.ru-ն, համապատասխան մշտադիրակման արդյունքում հայտարարել ՌԴ Տնտեսական զարգացման նախարարությունը:

Սակագնի նվազման համար բարենպաստ պայման են դարձել եվրոպական գազային շուկայում գրանցված իրավիճակային փոփոխությունները, եւ մասնավորապես՝ այլ մատակարարների կողմից մատուցվող գազի ծավալներն ավելացնելու առաջարկները, եվրոպական առանձին երկրներում գազի սպառման ծավալների նվազումը, եւ գազի ընթացիկ սակագների (Spot price) նվազումը՝ ի համեմատություն երկարաժամկետ պայմանագրերի սակագների:

Հաղորդվում է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով, ռուսական գազի միջին սակագինը Գերմանիայի սահմանին 2013 թվականի մարտին նախորդ ամսվա հետ համեմատ պահպանվել է նույն մակարդակի վրա՝ հազար խորանարդ մետրի համար կազմելով 409 դոլար: 2012 թվականի մարտ ամսվա սակագնի հետ համեմատ գինը նվազել է 9.2 տոկոսով:

Հիշեցնենք, որ ՌԴ ՏԶՆ տվյալներով, Ռուսաստանում 2013 թվականի հունվար-մարտ ամիսներին գազի արդյունահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ նվազել է 0.9 տոկոսով եւ կազմել է 183.5 մլրդ խորանարդ մետր: Գազի արտահանումը կրճատվել է 1.8 տոկոսով՝ կազմելով 55.2 մլրդ խորանարդ մետր:

Հիշեցնենք նաեւ, որ այս ամենին զուգահեռ, Հայաստանում նախապատրաստվում են բարձրացնել գազի սակագինը: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն արդեն դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)` առաջարկելով բնակչության համար գազի սակագինը 132 000 դրամից բարձրացնել 221 000 դրամի: Նշենք, որ մինչ այժմ ՀՀ բոլոր պաշտոնյաները, այդ թվում` էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, հայտարարում էին, թե Հայաստանի համար ռուսական գազի գինը չի բարձրացել, այնինչ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների համաձայն` այս տարվա առաջին եռամսյակում ընկերությունը ռուսական գազը ձեռք է բերել $247 գնով, անցած տարվա նույն ժամանակահատվածի $220/1000 խմ-ի համեմատ։ Համաձայն օրենքի ՀԾԿՀ-ն «ՀայՌուսգազարդի» հայտը կքննի 90 օրվա ընթացքում:

Նախորդ հոդվածը‘Վաղը «Սպայկա» ՍՊԸ- ից կհայտնեն, թե որքան է կազմել հրդեհի վնասը’
Հաջորդ հոդվածը‘Հոկեյի Ռուսաստանի հավաքականը խայտառակվեց. Տեսանյութ’