‘Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը՝ Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո’

1244

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով բանակցությունները վերսկսելու կոչ են արել: Համանախագահները հայտարարություն են տարածել փետրվարի 6-ին Մյունխենում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտարարության մեջ ասվում է.

 «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրիուն (Ֆրանսիա) հանդիպել են ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբադյանի հետ` փետրվարի 5-ին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անդրեյ Կասպրշիկը: Մենք արտահայտեցինք մեր անհանգստությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին` ներառյալ քաղաքացիական տարածքներում, միջադեպերի աճի վերաբերալ: Մենք նախարարի հետ քննարկեցինք նաև նման միջադեպերի նվազեցման միջոցառումները: Մասնավորապես, կողմերի համար հրամայական է՝ այնպիսի քայլեր կատարելը, որոնք կկանխեն նոյեմբերի 12-ին ուղղաթիռի խոցման միջադեպերի կրկնությունը: Կողմերի միջև լարվածությունն ու բռնությունը ընդգծում են որքան հնարավոր է շուտ տևական խաղաղության  հասնելու համար համապարփակ բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը: Մենք նախարարին առաջարկել ենք ավելի մեծ ճկունություն ցուցաբերել բանակցություններ սկսելու հարցում:

Մենք բարձրացրել ենք Կարմիրր խաչի միջազգային կոմիտեի միջոցով անհայտ կորածների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման առնչությամբ նախագահների պայմանավորվածության կատարման կարևորությունը: Տվյալների փոխանակումը կարող է ծառայել որպես կողմերի միջև վստահության կառուցման միջոց և նպաստել կարգավորման գործընթացին: Ի լրումն` մենք կոչ ենք արել վերսկսել նախագահների երկխոսությունն առաջին իսկ հնարավորության դեպքում: Համանախագահները կայցելեն տարածաշրջան այս ամսվա վերջին»:

Նախորդ հոդվածը‘Կոնյակի, գինու և օղու արտադրությունը 2014 թվականին նվազել է ‘
Հաջորդ հոդվածը‘Խորեն Հովհաննիսյանի 60. Հանդիպում ֆուտբոլային հանրահայտ աստղերի մասնակցությամբ’