‘Միշել Պլատինի. Ես Հայաստան եմ գալիս իմ ընկերոջ`ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի մոտ’

1367

Այսօր Երևանում, «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի «Արարատ» սրահում այսօր ավարտվեց ՈՒԵՖԱ-ի «Բարձրագույն գործադիր ծրագրի» շրջանակներում անցկացվող կլոր սեղանը, որին մասնակցում էին Հայաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Բելառուսի, Վրաստանի, Սլովակիայի և Մոլդովայի ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահներ, գործադիր տնօրեններ:

Կլոր սեղանին մասնակցելու նպատակով հոկտեմբերի 8-ին Երևան էր ժամանել նաև ՈՒԵՖԱ-ի պատվիրակությունը` ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի գլխավորությամբ:

Պատվիրակության կազմում էին ՈՒԵՖԱ-ի փոխնախագահ Մարիոս Լևկարիտիսը, ՈՒԵՖԱ-ի գործադիր տնօրենի տեղակալ Թեոդոր Թեոդորիդիսը, ՈՒԵՖԱ-ի «Բարձրագույն գործադիր ծրագրի» ղեկավար Մարկ Էսսելինգը, ՈՒԵՖԱ-ի նախագահի խորհրդական Պասկալ Տորեսը, ՈՒԵՖԱ-ի բաժինների ղեկավարներ, մենեջմենթի ներկայացուցիչներ:

Դեռևս ամիսներ առաջ ՈՒԵՖԱՆ-ն քննարկեց «Բարձրագույն գործադիր ծրագրի» շրջանակներում Կլոր սեղանը Երևանում անցկացնելու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի առաջարկը և նկատի ունենալով ՀՖՖ-ի ներգրավվածությունը ՈՒԵՖԱ-ի միջազգային մի շարք ծրագրերում, նմանօրինակ միջոցառումներ անցկացնելու ՀՖՖ-ի մարդկային և տեխնիկական ռեսուրսների պատրաստվածությունը, որոշում ընդունեց Կլոր սեղանը Երևանում անցկացնելու մասին:

«Բարձրագույն գործադիր ծրագրի» շրջանակներում անցկացվող Կլոր սեղանների նպատակն է ՈՒԵՖԱ-ի անդամ ազգային ֆեդերացիաների ղեկավարների հետ ավելի անմիջական և ավելի կառուցողական պայմաններում քննարկել ֆուտբոլի զարգացման ռազմավարական խնդիրներ, ՈՒԵՖԱ-ի և ազգային ֆեդերացիաների համագործակցության հեռանկարային մոդելներ և մոտեցումներ, որոնք կբերեն ֆուտբոլի առավել կայուն զարգացման, ֆուտբոլային ենթակառուցվածքների առավել դինամիկ և արդյունավետ փոխգործակցության:

Կլոր սեղանի ավարտին ՀՖՖ պաշտոնական կայքին տված հարցազրույցում ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին նշեց, որ երևանյան Կլոր սեղանի ընթացքում իրենք քննարկվել են բավականին հետաքրքիր հարցեր, առաջ են քաշվել նոր գաղափարներ` մասնավորապես կապված մրցավարության զարգացման խնդիրների հետ և այլն, և որ ինքը գոհ է քննարկման արդյունքներից:

«Դուք արդեն մի քանի անգամ եք Հայաստանում, սիրում եք Հայաստան այցելել» հանրային հեռուստատեսության թղթակցի հարցին ՈՒԵՖԱ-ի նախագահը պատասխանեց. «Ես սիրում եմ մարդկանց, ես Հայաստան եմ գալիս իմ ընկերոջ`ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի մոտ: Ես մարդկանց հետ եմ սիրում շփվել»:

Աղբյուրը՝ ffa.am
Լուսանկարը՝ ffa.am

Նախորդ հոդվածը‘Բիձինա Իվանիշվիլի. Առաջիկայում Վրաստանը կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին ‘
Հաջորդ հոդվածը‘«Դոն Ժուան» ներկայացումը գովազդում են պահպանակների օգնությամբ’