‘ՄԻՊ-ը նոր օրենսդրական փոփոխության առաջարկություն է ներկայացրել’

806

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը այսօր հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է մի շարք հասարակական կազմակերպությունների մտահոգությանը, որի համաձայն հաշմանդամություն ունեցող անձանց համար սայլակների տրամադրման գործընթացում առաջ են եկել խոչընդոտներ` կապված համապատասխան իրավական ակտերի կիրառման հետ: 

Խնդիրն այն է, որ հաշմանդամի առողջական նկատառումներից ելնելով, նրան հասանելիք սայլակը կարող է ստանալ նրա հարազատներից որևէ մեկը, ով մյուս անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին ներկայացնում է նաև իր անձնագիրը: Ընթացակարգի նման պահանջը, պարզվում է, որ լրացուցիչ դժվարություններ է ստեղծում սայլակ ստանալու գործընթացում հատկապես մարզերում բնակվող հաշմանդամություն ունեցող անձանց համար, քանի որ պրոթեզաօրթոպեդիկ պարագաների ստացման գործում նրանց հաճախ աջակցում են տեղի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր չեն հանդիսանում տվյալ անձանց հարազատները: 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Պաշտպանին պարզաբանել, են որ հաշմանդամին սայլակը տրամադրելու կարգը նաև նրա հարազատի միջոցով, նպատակ ունի հեշտացնելու սայլակի բաշխման գործընթացը` հաշվի առնելով հաշմանդամի առողջական վիճակը: Իսկ մարզերում բնակվող հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքներին աջակցելու նպատակով նախարարի հրամանով սահմանված է, որ սայլակների տրամադրումը կարող է իրականացվել նաև մարզպետարանների պաշտոնական գրության միջոցով:

Մարզպետարանները սայլակները ստանալու համար կարող են լիազորել նաև որևէ հասարակական կազմակերպության ներկայացուցչի, որի նախադեպն արդեն կա: Այս դեպքում սայլակ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման գործընթացը ևս կազմակերպում են մարզպետարանները` հաշմանդամ անձանց համար հեշտացնելով ողջ գործընթացը:

Դրա հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանը սայլակների ստացման գործընթացը դյուրացնելու և ավելորդ խոչընդոտներից խուսափելու համար առաջարկել է փոփոխություն կատարել Կառավարության որոշման մեջ և «հարազատներից որևէ մեկը» բառակապակցությանն ավելացնել «կամ լիազորված ներկայացուցիչը» բառակապակցությունը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսվող օրենսդրական փոփոխությունների ժամանակ կքննարկի Պաշտպանի օրենսդրական առաջարկությունը:

Հաշմանդամություն ունեցող անձանց համար որոշակի դժվարություններ է առաջացնում մեկ հանգամանք ևս: Կառավարության որոշմամբ նախատեսվում է, որ առաջին անգամ հաշմանդամություն ունեցող անձանց պարագաները տրամադրվում են հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագրին համապատասխան (ՎԱԾ) , իսկ նույն ՎԱԾ-ի հիման վրա երկրորդ և հետագա բոլոր անգամները սայլակի համար դիմելու դեպքում անհրաժեշտություն չկա ներկայացնելու այն: 

Պաշտպանի աշխատակազմը, սակայն, հաշմանդամություն ունեցող մի շարք անձանցից տեղեկություններ է ստացել, որ հակառակ օրենքի պահանջին, սայլակի տրամադրման համար հաջորդ անգամները ևս հաճախ պահանջում են նրանց վերականգնողական անհատական ծրագիրը, որի բացակայության դեպքում անձը չի ստանում իրեն օրենքով հասանելիք սայլակը: 

Այս առումով Նախարարը Պաշտպանին տեղեկացրել է, որ սայլակների տեսականին բավականին ընդլայնվել է և դրանց հատկացումը նպատակային դարձնելու համար տարածքային բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովները ՎԱԾ-ում նշում են կոնկրետ սայլակի տեսակը, որն առավել հարմար է տվյալ անձին: Սայլակի տեսակի հետ կապված տարաձայնությունների դեպքում, սայլակ տրամադրող կազմակերպությունը նպատակահարմար է գտնում կրկնակի անգամ սայլակ ստացողին այն տրամադրել բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի կողմից ՎԱԾ-ում կատարված գրառման հիման վրա: Այդ բացառիկ դեպքերում է, որ սայլակ ստանալու համար կրկնակի անգամ պահանջվում է ՎԱԾ:

Նախորդ հոդվածը‘Արսեն Բաբայան. Վճռաբեկ դատարանի նախագահը հրաժարվել է կատարել եղբոր խնդրանքը’
Հաջորդ հոդվածը‘Հայկական պլանշետները կպատրաստի ամերիկյան ընկերությունը` ռուսական «Մարսի» տարածքում’