‘ՄԻՊ-ը վարորդների հաշիվները սառեցնելու հարցով դիմելու է ՍԴ. tert.am’

830

Վերջին շրջանում մի շարք վարորդներ, այդ թվում հանրության կողմից ճանաչում ունեցող անձինք՝ հաղորդավար Պետրոս Ղազարյանը, շոումեն Գարիկ Պապոյանը, երգիչ Նարեկ Բավեյանը բարձրաձայնեցին այն մասին, որ երթևեկության կանոնները խախտելու մասին ժամանակին չեն ստացել ծանուցում, սակայն ամիսներ անց տեղեկացել են, որ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից (ԴԱՀԿ) իրենց բանկային հաշիվները սառեցված են` վարչական տուգանքը չվճարելու պատճառով:

Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Տաթևիկ Խաչատրյանն այս կապակցությամբ tert.am-ին ասել է, որ 2014թ-ի սկզբից ուժի մեջ մտած օրենքով՝ վարչական մարմինը՝ այս դեպքում ոստիկանությունը, իր վճարման կարգադրությունը ընդունելիս, շրջանցում է դատարանը և միանգամից գործը հայտնվում է ԴԱՀԿ-ում։

Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Տաթևիկ Խաչատրյանը նշել է, որ խնդրի հետ կապված իրենք ստացել են դիմումներ և պարզել ոլորտում առկա երկու կարևոր խնդիր: Դրանցից մեկը կապված է «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի վերջին փոփոխությունների հետ, որոնք մտել են ուժի մեջ 2014թ-ի սկզբից:

«Եթե նախկին գործող կարգի համաձայն վարչական մարմինը կայացնում էր անձին տուգանելու մասին որոշում՝ այսինքն կազմում էր ակտ, և անձը չէր մուծում սահմանված ժամկետում, այն ուղարկում էր դատարան: Դատարանի որոշման հիման վրա ԴԱՀԿ ծառայությունը համապատասխան միջոցներ էր կիրառում՝ քաղաքացուն ստիպելով վճարել: Ներկայումս վարչական մարմինը՝ այս դեպքում ոստիկանությունը, իր վճարման կարգադրությունը ընդունելիս, շրջանցում է դատարանը և միանգամից գործը հայտնվում է ԴԱՀԿ-ում: Սա մեր կարծիքով խնդրահարույց է Սահմանադրության տեսակետից»,-ասել է նա և հիշեցրեց, որ Սահմանադրությունը ամրագրում է անձի սեփականության անձեռնմխելիության իրավունքը, և սեփականության տնօրինումը սահմանափակելը միայն դատական կարգով պետք է իրականացվի, իսկ անձի դրամական միջոցները բանկում հենց անձի սեփականությունն են:

Տաթև Խաչատրյանը նաև ընդգծեց, որ երբ շրջանցվում է դատարանը, անձը զրկվում է իր իրավունքները դատարանում պաշտպանելու և բողոքարկելու իրավունքից:

«Մենք առաջիկայում պատրաստվում ենք դիմել Սահմանադրական դատարան՝ հարցի սահմանադրականությունը վիճարկելու համար»,-ասել է նա:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում 

Նախորդ հոդվածը‘ՄԻՊ. Միայնակ թոշակառուից գողացել են սեփական հուղարկավորության համար պահված վերջին գումարը’
Հաջորդ հոդվածը‘Ռուբեն Վարդանյան. «Զվարթնոցում» ոչ հազվադեպ են անցկացվում հարսանիքներ և այլ ժամանցային միջոցառումներ’