‘ՄԻՊ. Շրջանավարտները մնում են մանկատանն այլընտրանք չունենալու պատճառով’

764

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տարածել է հետևյալ հայտարարությունը.

«Խարբերդի մասնագիտացված մանկատունը նախատեսված է մինչև 18 տարեկան մտավոր և ֆիզիկական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների համար: Այդուհանդերձ, մանկատանը ապրում են նույնիսկ մինչև 35 տարեկան մոտ 100 մարդ: 18 տարեկանը լրանալուն պես մանկատան սաները՝ հատկապես հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցողները, պետք է տեղափոխվեն Վարդենիսի կամ այլ տուն-ինտերնատ, սակայն գործնականում դա հնարավոր չի լինում, քանի որ վերջինս նույնպես գերբեռնված է և ազատ տեղ չունի: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քաջատեղյակ է նշված խնդիրներին և նույնիսկ  մշակել է հայեցակարգ, որտեղ առաջարկություններ են արվել ոլորտի բարելավման ուղղությամբ, սակայն այս ծրագիրը դեռևս կյանքի չի կոչվել:

Չնայած, որ «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի հոդված 9-ով նախատեսվում է, որ 18 տարին լրացած առանց ծնողական խնամքի մնացած երեխաներն իրավունք ունեն ստանալու նվազագույն սոցիալական չափորոշիչներին համապատասխան բնակելի տարածություն, սակայն ոչ մի սոցիալական երաշխիք նախատեսված չէ մանկատանն ապրող չափահաս անձանց համար, և փաստորեն, նրանք շարունակում են ապրել և խնամվել Խարբերդի մանկատանը:

Արդյունքում մանկատանն առաջացել է գերբեռնվածություն. նոր երեխաներն ավելանում են, սակայն շրջանավարտներ չկան: Մանկատանը կա մասնագետների և դայակների պակասի լուրջ խնդիր. 1 դայակը ստիպված է լինում հերթափոխով 24 ժամ խնամել մինչև 15-18 երեխա, իսկ երեխաների ճաշի ժամին ներգրավվում է մանկատան ամբողջ անձնակազմը՝ մանկատանն ապրող բոլոր 286 երեխաներին կերակրելու համար: Չնայած, որ 2010 թվականից շահագործման է հանձնվել մանկատան նոր մասնաշենքը, այնուամենայնիվ, գերբեռնվածության խնդիրը դեռևս լուծված չէ, ինչը խիստ բացասաբար է անդրադառնում երեխաների հոգեբանության և զարգացման վրա` սահմանափակելով յուրաքանչյուրի անհատական տարածությունը: 

Մանկատան երեխաներից 9-ը հաճախում են Խարբերդի թիվ 2 ներառական դպրոց, ինչը մանկատան մասնագետների պնդմամբ նպաստում է նրանց զարգացմանն ու ինտեգրմանը: Սակայն այս երեխաները ներառական դպրոցում նույնպես շատ խնդիրների են բախվում: Օրինակ` դպրոցի ուսուցիչները մասնագիտացված և վերապատրաստված չեն նման խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատելու համար: Դպրոցի շենքը հարմարեցված չէ սայլակով տեղաշարժվող երեխաների համար: Մանկատնից առնվազն 1 աշխատող մշտապես ուղեկցում է դպրոց հաճախող երեխաներին և մնում է դպրոցում նրանց հետ մինչև դասերի ավարտը: 

Մանկատունն այսօր ունի 3 ավտոմեքենա երեխաներին տեղափոխելու համար, որից միայն մեկն է հարմարեցված սայլակի օգնությամբ տեղաշարժվող երեխաների համար: Սակայն դրանք չեն բավարարում բոլոր երեխաներին զբոսանքի, դպրոց, բժշկի և այլ վայրեր տեղափոխելու համար:

 Խարբերդի մասնագիտացված մանկատունը պետք է գտնվի պետության հատուկ հոգածության ներքո, և լրացուցիչ անհրաժեշտ քայլեր պետք է ձեռնարկվեն մանկատան գերբեռնվածության թեթևացման նպատակով: Նաև հրատապ լուծում պետք է տրվի դեռևս մանկատանն ապրող չափահաս անձանց խնամքի կազմակերպմանը»:

Նախորդ հոդվածը‘Կառավարության կայքից «կորել» են պետգնումների պայմանագրերը’
Հաջորդ հոդվածը‘Մեսին, Ռոնալդուն, Իբրահիմովիչը, Ռոբենը կպայքարեն Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար’