‘Միջնորդները կոչ են անում իրավիճակի սրում թույլ չտալ Ադրբեջանի և ԼՂ ԶՈՒ շփման գծում’

900

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը փետրվարի 4-5-ն այցելել են Բաքու և Երևան:

Ինչպես նշվում է ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունում, Բաքվում նրանք հանդիպել են Իլհամ Ալիևի, իսկ Երևանում` Սերժ Սարգսյանի հետ: Երկու մայրաքաղաքներում միջնորդները հանդիպումներ են անցկացրել նաև պաշտպանության և արտաքին գործերի նախարարների հետ: Հանդիպումների ընթացքում  քննարկվել են երկու երկրների արտգործնախարարների Փարիզում կայացած վերջին հանդիպման արդյունքները: Շեշտադրում է կատարվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն ամրապնդելու անհրաժեշտությանը: Հատկապես ընդգծվել է բարձրագույն մակարդակի բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը, ինչի շուրջ պայմանավորվածութուն էր ձեռք բերվել Վիեննայում: Համանախագահները խորը մտահոգություն են հայտնել վերջին ամսում շփման գծում իրավիճակի սրման առնչությամբ: Միջնորդները կողմերին կոչ են արել նվազեցնել լարվածությունը և նվազագույնի հասցնել ագրեսիվ հռետորաբանությունը: Կողմերն իրենց հերթին խոստացել են ջանք գործադրել լարվածության հետագա սրում թույլ չտալու նպատակով, հատկապես` Սոչիի Օլիմպիական խաղերի լույսի ներքո:

«Համանախագահները կշարունակեն կողմերի հետ խորհրդատվությունները` բարձրագույն մակարդակի հանդիպումը նախապատրաստելու համար», — ասվում է հայտարարությունում: 

Նախորդ հոդվածը‘«Սիվիլիթաս»-ը հրապարակել է 2013-ի իր տարեկան զեկույցը’
Հաջորդ հոդվածը‘Վախճանվել է Չեխոսլովակիայի խորհրդային ներխուժման նախաձեռնողը’