‘«Սիվիլիթաս»-ը հրապարակել է 2013-ի իր տարեկան զեկույցը’

738

«Սիվիլիթաս» հիմնադրամը հրապարակել է 2013-ի իր տարեկան զեկույցը, որը թվով արդեն վեցերորդն է: Զեկույցը կրում է «Ակնկալիքների և անակնկալների տարի» խորագիրը: Այն ամփոփում է անցած տարվա քաղաքական, հասարակական, սոցիալ-տնտեսական և տարածաշրջանային զարգացումները, կանխատեսում 2014-ի հեռանկարներն ու առաջարկում լուծումներ:

Տարին լի էր ակնկալիքներով բոլոր կողմերից։
Ըստ զեկույցի, միջազգային հանրությունը և Հայաստանի քաղաքացիները ակնկալում էին, որ Հայաստանը կշարունակի հավատարիմ մնալ այն քաղաքականությանը, որն ընտրել էր գրեթե երկու տասնամյակ առաջ` ավելի խոր ինտեգրվել եվրոպական կառույցներին։ Վերջին պահին, սակայն, հանրության համար անակնկալ, Սերժ Սարգսյանը ընտրեց Ռուսաստանի կողմից խրախուսվող Մաքսային միությունը։ Արևմուտք, թե Ռուսաստան հարցի պատասխանը արդեն հստակ է` Ռուսաստան։ Նախկինում Հայաստանը կարողանում էր աշխարհաքաղաքական երեք կենտրոնների՝ Մոսկվայի, Բրյուսելի և Վաշինգտոնի հետ պահպանել բնականոն և ողջախոհ հարաբերություններ, իսկ հնարավորության դեպքում` նրանց շահերը համադրել` ի շահ Հայաստանի։
Անակնկալի եկած Արևմուտքի և սպասողական Ռուսաստանի աչքում Հայաստանն ընկալվեց որպես ոչ կանխատեսելի և վստահելի գործընկեր։
2013-ին աղքատներն ու գործազուրկները ակնկալում էին, որ իրենց կյանքը փոքր-ինչ կբարելավվի։ 2013-ի ինը ամիսների ընթացքում երկրից հեռացել էր ավելի քան 120 000 մարդ: Տարվա արդյունքներով նրանցից ավելի քան 33 000-ը չի վերադարձել: Ներկա կառավարության վեց տարիների ընթացքում երկիրը լքել է յուրաքանչյուր տասներորդ քաղաքացին՝ ժամանակավոր կամ ընդմիշտ։ Նախանշաններ չկան, որ 2014-ի ակնկալիքները պետք է տարբեր լինեն։ Տնտեսությունը գրեթե չի աճում, աղքատությունը չի նվազում, արտագաղթը չի դադարում, կամ չի խրախուսվում ներգաղթը:

Այս ամենի մասին պատմող զեկույցի շնորհանդեսը տեղի կունենա փետրվարի 13-ին, ժամը 17:00-ին, «Գոլդեն Թյուլիփ Երևան» հյուրանոցի «Ռոսինի» սրահում: 

Նախորդ հոդվածը‘Պեսկովը չի բացառել Սոչիում Պուտինի հանդիպումը Վրաստանի նախագահի հետ’
Հաջորդ հոդվածը‘Միջնորդները կոչ են անում իրավիճակի սրում թույլ չտալ Ադրբեջանի և ԼՂ ԶՈՒ շփման գծում’