‘Մի զիջիր’

1608

Մենք զզվում ենք ռասիստներից և նեգրերից
Հին ավանդական ասացվածք

 

Վերջերս մի կոնֆերանս էր կազմակերպվել, որտեղ հավաքվածները քննարկում էին Հայաստանը ճգնաժամից դուրս բերելու խնդիրը, ու ինչպես բոլոր քաղաքական ուժերը, այնպես էլ նրանք` ընդունում էին, որ այսպես շարունակվելու դեպքում երկիրը կկործանվի:

Դե իհարկե, խոսվեց արտագաղթից, օլիգարխներից, տնտեսական ճգնաժամից, ազգային գաղափարախոսությունից, Արցախի հիմնահարցից ու նմանատիպ բաներից: Ու թվում էր, թե մարդիկ այսպիսի քննարկումներ անցկացնելուց հետո կհանգեն ինչ-որ տրամաբանական եզրակացության: Սակայն, ցավոք, սխալվում էի` այդպիսի բան տեղի չունեցավ:

Տղերքը քննարկեցին-քննարկեցին, իսկ վերջում եզրակացրին, որ Սերժ Սարգսյանին փոխելով` ոչինչ չի փոխվի, և որ պետք է սպասել`ինչ-որ մի ուժ ստեղծվի (ի դեպ, որտեղի՞ց, դա էլ պարզ չէր), որը «փտած» համակարգը կփոխի: Փաստորեն՝ տղերքը, կամա թե ակամա, համարում են, որ Սերժ Սարգսյանը Հայաստանում այլընտրանք չունի, իսկ ահա չար օլիգարխները փիս-փիս բաներ են անում ու չեն թողնում, որ այնպիսի ուժ ձևավորվի Հայաստանում, որը համակարգային փոփոխություն կիրականացնի:

Դե, այսպիսի մտածողության պարագայում պատահական չէ, որ օլիգարխներն էլ այծեր, ոչխարներ ու ավանակներ են հանում փողոց` հասկացնելով, որ այ «խելոքներ», եթե չեք հասկանում, որ առանց Սերժ Սարգսյանի հեռացման՝ որևէ համակարգ չի փոխվի, ձեզ սա էլ է շատ:

Մի փոքր ամաչում եմ, իհարկե, որ այսպիսի պարզունակ բաներ եմ բացատրում, սակայն աչքիս` մարդիկ չեն կարողանում ընկալել, որ եթե Սերժ Սարգսյանը հեռանա, մեխանիկորեն համակարգն էլ կփոխվի, ու կապ չունի՝ դրանից հետո Գալուստ Սահակյա՞նը իշխանության կգա, թե՞ Հովիկ Աբրահամյանը, նա արդեն չի կարողանա Սերժ Սարգսյանի պես ղեկավարել, քանի որ իր աչքի առաջ կունենա այն փաստը, որ ժողովրդի պահանջով իր նախորդը հեռացվել է: Իսկ ժողովուրդն էլ կվերականգնի վստահությունն իր ուժերի նկատմամբ և այսքան վախեցած չի լինի իշխանություններից, ու հենց տեսնի՝ իշխանությունները համը հանում են, երբ ուզենա` իշխանափոխություն կիրականացնի:

Համակարգային փոփոխությունն էլ հենց այն է, երբ ժողովուրդը իր ձայնը լսելի է դարձնում իշխանություններին, և հենց ինքն է ձևավորում իշխանությունը:

Մի հանգամանք էլ կա, որի վրա կուզենայի ուշադրություն հրավիրել: Նրանք, ովքեր նշում են, թե Սերժ Սարգսյանին հեռացնելով` ոչինչ չի փոխվի, իրենք իրենց համար ընդունում են, որ իրենց մեջ չկա որևէ մեկը, ով ավելի քիչ կխաղա կազինոյում կամ խաղալու դեպքում` ավելի քիչ փող «կկրվի», ավելի քիչ կթալանի երկիրը, ավելի քիչ մարդասպանների բանտերից կազատի և ավելի քիչ քաղբանտարկյալներ կունենա բանտերում:

Երբեմն մտածում եմ, որ Սամվել Ալեքսանյանը ավելի շատ բան է հասկանում քաղաքականությունից, քան նրանք, ովքեր կարծում են, թե Սերժ Սարգսյանին հեռացնելով` ոչինչ չի փոխվի երկրում, ու ըստ այդմ էլ`Սերժի դեմ պայքարելու փոխարեն, պայքարում են օլիգարխների դեմ՝ միաժամանակ ամեն ինչ անելով, որ Սերժ Սարգսյանը մնա իշխանության:

Հարգելիներս, լավ եք անում, որ պայքարում եք, սակայն մեկ-մեկ մի մոռացեք, որ Հայաստանի ամենամեծ օլիգարխը հենց Սերժ Սարգսյանն է, ու նա է հնարավորություն տալիս մնացած օլիգարխներին պատմամշակութային արժեքները ոչնչացնելով` սուպերմարկետներ սարքել, մարդ սպանել ու պատասխանատվությունից խուսափել, հանքեր սեփականաշնորհել ու բնությունը ոչնչացնել:

Ձեզ համար եմ ասում, որ հետո չասեք, որ այդ մասին չգիտեիք ))):

Սանասար Հավասարյան

Նախորդ հոդվածը‘Թուրքիան շարունակում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին ներգրավվելու ինտենսիվ փորձերը’
Հաջորդ հոդվածը‘ Ռուս վերլուծաբան. Վիեննայում Հայաստանն ու Ադրբեջանը սկսեցին կարմիր գծից դեպի հակառակ ուղղությամբ շարժումը’