‘«Մխիթարյանն իսկական չեմպիոն է»’

1651

 

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տյուխելը ապրիլի 1-ին կայացած նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Հենրիխ Մխիթարյանի` Թուրինի «Յուվենթուս» հնարավոր տեղափոխության մասին: Ըստ «Kicker»-ի՝ Տյուխելն ասել է. «Մխիթարյանն իսկական չեմպիոն է: Պետք է ամեն ինչ անել նրան` թիմում պահելու համար»:

Խոսելով Մխիթարյանին` «Բորուսիայի» ղեկավարության կողմից առաջարկված նոր երկարաժամկետ պայմանագրի մասին` Տյուխելը նշել է, որ այժմ որոշում կայացնելու հերթը ֆուտբոլիստինն է, քանի որ «գնդակն արդեն վերջինիս մոտ է»: Գերմանացի մասնագետ հայտարարել է նաեւ, որ իր համար ամեն ինչ բավականին պարզ է, քանի որ հայ ֆուտբոլիստը բավակնին խելացի է եւ լավ գիտի, թե ինչն է իր համար ավելի լավ:

«Բորուսիայի» գլխավոր մարզիչը բացի Մխիթարյանի մասին խոսելուց անդրադարձել է նաեւ Մարիո Գյոթցեի` հնարավոր վերադարձին` նշելով, որ ոչինչ այդ մասին չի կարող ասել. «Իմ կողմից ճիշտ չի լինի այդ մասին ինչ-որ բան ասելը, քանի որ վերջնարդյունքում կարող է մեծ պատմություն դառնալ: Ես ճիշտ չեմ ընկալվի, եթե խոսեմ Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստի մասին»:

Հայաստանի հավաքականի ավագ Մխիթարյանը, ով գերազանց մրցաշրջան է անցկացնու, արդեն դարձել է 20 գոլի եւ 18 գոլային փոխանցման հեղինակ` իր վրա կենտրոնացնելով եվրոպական գրանդ ակումբների ուշադրությունը: Հատկապես անգլիական եւ իտալական լրատվամիջոցները վերջին օրերին գրեթե ամեն առիթ օգտագործում են` անդրադառնալու Մխիթարյանի` Թուրինի «Յուվենթուս» կամ Լոնդոնի «Արսենալ» տեղափոխման հեռանկարին: Հաճախ է խոսվում նաեւ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի` անգլիական «Լիվերպուլ» տեղափոխվելու մասին:

Ինչ վերաբերում է անձամբ հայ ֆուտբոլիստին, ապա վերջինս մինչեւ 2017 թ.-ի հունիսի վերջ գործող պայմանագիր ունի ներկայիս ակումբի հետ, թեեւ օրերս հայտի է դարձել նաեւ, որ «Բորուսիայի» ղեկավարությունը Մխիթարյանին նոր, բարելավված ու երկարաժամկետ պայմանագիր է առաջարկել:

Նախորդ հոդվածը‘Ռաուլ. «Մեսսին ու Ռոնալդուն մեծագույն ֆուտբոլիստներ են»’
Հաջորդ հոդվածը‘Հայ մարզիկը հաղթել է ադրբեջանցուն’