‘Մխիթարյան. «Ես և գործակալս պատրաստ ենք բանակցել «Բորուսսիայի» հետ»’

1139

Հայաստանի ազգային հավաքականի և «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Kicker»-ին տված հարցազրույցում նշել է, որ պատրաստ է պայմանագրի երկարաձգման վերաբերյալ բանակցություններ վարել դորտմունդյան ակումբի հետ: Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուսը»:

«Արդեն մեկ տարի է՝ «Յուվենտուս» տեղափոխվելու մասին լուրեր են շրջանառվում, բայց ես դեռ Դորտմունդում եմ: «Բորուսիան» ցանկանում է երկարաձգել պայմանագիրս, իսկ ես գործակալիս հետ պատրաստ եմ բանակցությունների: Երբ ժամանակը գա, մենք կքննարկենք ամեն ինչ»,-ասել է Մխիթարյանը, ում գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2017 թվականը:

Մխիթարյանը նաև նշել է, որ գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի նվիրած գիրքը կարդալուց հետո շատ է փոխվել:

«Նախկինում ես շատ էի մտածում իմ խաղի մասին, չիրացրած պահերի համար քննադատում էի ինքս ինձ, իսկ հիմա նման դրվագներից հետո կարող եմ հանգիստ ծիծաղել: Ես շատ բան սովորել եմ Թոմաս Տուխելի նվիրած գրքից: Այնպիսի տպավորություն է՝ ասես այն ինձ համար էր գրված: Այդ գրքում ներկայացված է այն ամենը, ինչ ես նախկինում սխալ եմ արել, իսկ հիմա անում եմ այնպես, ինչպես խորհուրդ է տրվում գրքում»,-ասել է հայ ֆուտբոլիստը:

Հավելենք, որ Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկությունում Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է 16 խաղի, խփել է 6 գոլ և կատարել է 10 գոլային փոխանցում:

Նախորդ հոդվածը‘ՖԻՖԱ. Հայտնի է տարվա խորհրդանշական հավաքականի կազմը’
Հաջորդ հոդվածը‘Վենդել Լիրան` տարվա լավագույն գոլի հեղինակ (տեսանյութ)’