‘Մկնիկներ` Ազգային ժողովի մուտքի դիմաց’

1569

Մի խումբ ծրագրավորողներ այսօր ՀՀ Ազգային ժողովի դիմաց յուրօրինակ բողոքի ակցիա են անցկացրել ընդդեմ հունվարի 1-ից ներդրվող պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգի: Նրանք իրենց համակարգիչների մկնիկները քարշ տալով տարել և գցել են ԱԺ-ի դարպասների մոտ:

«Սա բողոքի ձևա, Ազգային ժողովի նիստին համարժեք մկների ժողով ա կազմակերպվել ու համաձայնվեք, որ այս մկները ավելի պակաս հարցեր չեն լուծի, քան Ազգային ժողովում, որտեղ, ինչպես ասում են, մուկ են տշում»,- Tert.am-ին ասել է ակցիայի մասնակից ծրագրավորողներից մեկը:

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից կիրառման մեջ է մտնելու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, համաձայն որի՝ 1974թ. հետո ծնված քաղաքացիներն իրենց աշխատավարձերի 5 տոկոսը ներդնելու են կուտակային ֆոնդերում` հետագայում կենսաթոշակի տեսքով այն հետ ստանալու պայմանով: Համակարգի ներդրումը բողոքի ալիք է բարձրացրել հազարավոր քաղաքացիների շրջանում: Ազգային ժողովի ոչ իշխանական խմբակցությունները միացել են քաղաքացիների բողոքին` առաջարկելով առնվազն հետաձգել օրենքի կիրառումը կամ դրանից հանել «պարտադիր» ձեւակերպումը:  

Նախորդ հոդվածը‘Երեւանի քաղաքապետարանն այս տարի ճանապարհների վրա շուրջ $48,5 միլիոն է ծախսել’
Հաջորդ հոդվածը‘Վիլնյուսյան փաստաթղթի նախագիծը պատրաստ է. Հայաստանի հարցը կքննարկվի ամիսներ հետո’