‘Սերժ Սարգսյանը Քադաֆիի ու Յանուկովիչի արանքում ‘

1719

Մեզ հասած տեղեկություններով իշխանությունն ակտիվորեն աշխատում է բիզնես շրջանակներում, որպեսզի նրանք իրենց համակարգերում աշխատող քաղաքացիներին հետ պահեն մարտի 1-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելուց: Սակայն գործարարներն այս անգամ ոչ միայն հակված չեն կատարելու իշխանության հրահանգը (իհարկե, նրանց կասեն՝ այո), այլև ներքին կարգով խրախուսում են իրենց աշխատակիցների գնալը Կոնգրեսի հանրահավաքին: Սարգսյանի վարած մեկ օլիգարխի տնտեսության քաղաքականության արդյունքում՝ վերջինս հանկարծ սկսել է հասկանալ, որ բիզնես միջավայրը կամաց-կամաց ներգրավվում է քաղաքական պրոցեսներին ու ավելին՝ խանդավառված է մարտի 1-ին Ազատության հրապարակում կայանալիք Հայ ազգային Կոնգրեսի հանրահավաքով: Ու հենց այդ պատճառով էլ սկսել է մանր ճնշումների շարքը՝ ստուգումներ եւ այլն:

Ամենացցունն, իհարկե, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ–ցեմենտ» գործարանի հետ կապված պատմությունն է: Պարզվում է՝ գործարանը քանի օր է չի աշխատում։ Իսկ պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանը փակել է տվել գործարան հոսող ջրի ճանապարհը։ Դրա արդյունքում ջուրը մեկ այլ ճանապարհով հայտնվում է Ադրբեջանում: Սարգսյանի այս քայլերն ակնհայտ քաղաքական դրդապատճառներ ունեն. Սերժ Սարգսյանն այսպիսով փորձում է զսպել Ծառուկյանի ընդդիմադիր քայլերը: Փորձում է: Դատելով, սակայն, ԲՀԿ համագումարից, եւ այդ համագումարում Ծառուկյանի ունեցած ելույթից՝ քաղաքական այս մանր շանտաժները անիմաստ են լինելու: Սարգսյանն հասկանում է, որ ամեն դեպքում Հայաստանի իշխանության ղեկին մնալու շանս այլեւս չունի, եւ որ իր օրերն էլ հաշվված են ճիշտ այնպես՝ ինչպես Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի օրերը: Սարգսյանը հասկանում է նաեւ, որ իր իշխանության հետհաշվարկը կարող է սկսել մարտի 1-ից: Ու այս համատեքստում դիտարկելով տեղի ունեցող զարգացումները, կարող ենք փաստել, որ Սարգսյանն ընդամենը վերջին ճնշումներն է փորձում բանեցնել: Գուցե՝ աշխատի սկզբունքով:

Բայց նաեւ ինքն էլ հասկանում է, որ ցանկացած բռնապետ երկու ավարտ է ունենում: Վատ եւ շատ վատ: Առաջին դեպքում նա ուղղակի մի օր փախնում է երկրից, ինչպես Յանուկովիչը: Իսկ երկրորդ տարբերակի դեպքում հայտնվում է Քադաֆիի վիճակում:

Արսեն Նահապետյան  

Նախորդ հոդվածը‘Գրիգոր Գուրզադյանի հուղարկավորությունը վաղը` Երևանի քաղաքային պանթեոնում ‘
Հաջորդ հոդվածը‘ՄՄ երկրների հետ մաքսային հայտարարագրերը լրացվելու են հայերենով և ռուսերենով. ՊԵԿ նախագահի տեղակալ ‘