‘Մյանմայում համաներում է կիրառվել 3037 բանտարկյալների նկատմամբ’

938

Մյանմայի իշխանությունները հոկտեմբերի 7-ին համաներում են կիրառել 3037 բանտարկյալների նկատմամբ: Ինչպես հաղորդել է երկրի տեղեկատվության նախարարությունը, համապատասխան հրամանը ստորագրել է երկրի նախագահ Տեյն Սեյնը:

Համաներման արժանացած կալանավորներից 58-ը օտարերկրյացիներ են, 10-ը՝ քաղբանտարկյալներ, ինչպես  նաև հետախուզության նախկին սպաներ:

1962 թվականից Մյանմայում ռազմական կառավարություն էր: 1990 թ. իշխանությունները չեղյալ հայտարարեցին ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն՝ հաղթել էր ընդդիմադիր Հանուն ժողովրդավարության՝ ազգային լիգան: Դրանից հետո Արևմուտքի պետությունները պատժամիջոցներ մտցրին Մյանմայի նկատմամբ: 2010 թ. երկրի ղեկավարությունն սկսեց բարեփոխումներ իրականացնել, տեղի ունեցան ընտրություններ, որոնց համաձայն՝ 2011 թ. իշխանությունն անցավ քաղաքացիական կառավարության ձեռքը:

Մյանմայում քաղաքական բարենորոգումները վերջին երկու տարիներին բավական արագ են կատարվում: 2012 թ. ապրիլի 1-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարավ Հանուն ժողովրդավարության՝ ազգային լիգան, իսկ նրա առաջնորդը՝ Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Աուն Սան Սու Չժին, ազատվեց տնային կալանքից և ստացավ պատգամավորական մանդատ: Փոխանցում է ТАСС-ը: 

Նախորդ հոդվածը‘Ռումինիայում հինգ նախկին նախարարներ մեղադրվում են կոռուպցիայի մեջ’
Հաջորդ հոդվածը‘Նյու Յորքի նախկին քաղաքապետ Բլումբերգին ասպետական կոչում է շնորհվել’