‘Մոնակոյի միլիարդատիրուհուն սպանել է «պատվավոր հյուպատոս» փեսան’

1249

Մոնակոյի միլիարդատիրուհի Էլեն Պաստորի փեսան՝ Վոյցեխ Յանովսկին, խոստովանել է, որ առնչություն ունի նրա սպանության հետ:

Յանովսկին ձերբակալվել է հունիսի 24-ին Նիսում, սպանության մեջ մեղադրվող 23 հոգանոց մի խմբի կազմում: Այդ խմբից մեկ օր անց ազատ են արձակել Պաստորը դստերը՝ Սիլվիային, ոստիկանությունը որոշել է, որ նա առնչություն չունի սպանության հետ:

Յանովսկին Լեհաստանի պատվավոր հյուպատոսն է Մոնակոյում, նա նաև ղեկավարում է մի շարք ընկերություններ: 64-ամյա Յանովսկին Լեհաստանի Առևտրի պալատի անդամ է: Այդ երկրում լինելով պատվավոր հյուպատոսը՝ նա դիվանագիտական անձեռնմխելիություն չունի: 2010 թ. նա Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Նիկոլա Սարկոզիի կողմից պարգևատրվել է «Վաստակի համար» բարձր շքանշանով՝ հիվանդ երեխաների բարեգործությամբ զբաղվելու համար:

Ոչ պաշտոնական տվյալներով՝ սպանությունը կատարվել է ֆինանսական դրդապատճառներով: 77-ամյա Էլեն Պաստորը 15-20 մլրդ եվրո կարողություն ուներ, Մոնակոյում մի քանի հազար թանկարժեք բնակարանների տեր էր: Ամսական նա իր դստերը հատկացնում էր 500 հազար եվրո, մյուս հարազատներին նույնպես խոշոր գումարներ էր փոխանցում:

Մահափորձը տեղի էր ունեցել մայիսի 6-ին Նիսում. Պաստորի ավտամեքենայի վրա կրակ էին բացել, որից նրա վարորդը մահացել էր մայիսի 10-ին, իսկ Պաստորը՝ մայիսի 21-ին հիվանդանոցում: Նախնական տվյալներով՝ երկու մարդասպանները սպանության պատվերը կատարելու համար Յանովսկուց ստացել են 100 հազարական եվրո: Երկուսն էլ ձերբակալված են:

Էլեն Պաստորը Մոնակոյում մեծ ճանաչում ու հեղինակություն էր վայելում: Նրա ամուսինը՝ Կլոդ Պալանկան, Մոնակոյում Ռուսաստանի պատվավոր հյուպատոսն է, «Ֆորմուլա-1» մրցույթի շրջանակներում էլեկտրամոբիլների արշավի կազմակերպիչներից մեկը: Հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Այդ դրամատիկական պահերով հարուստ ֆուտբոլը…’
Հաջորդ հոդվածը‘Ղրիմ. Կիևը սկյութների ոսկու հավաքածուի նկատմամբ իրավունքներ չունի’