‘Մոնեի ու Պիկասոյի կտավներն այրած ռումինուհին փոխել է ցուցմունքը’

948

Ռումինիայում սկսվել է վեց ամբաստանյալների դատավարությունը, ովքեր մեղադրվում են  անցյալ տարի Ռոտերդամի Կյունստհալ (Kunsthal) թանգարանից կտավներ գողանալու մեջ: Գողացված կտավների թվում են եղել, մասնավորապես, Պիկասոյի «Առլեքինի գլուխը», Կլոդ Մոնեի «Վաթեռլոոյի կամուրջը» և Անրի Մատիսի «Ընթերցող աղջիկը» կտավները:

Որդու ձերբակալությունից հետո ռումինուհի Օլգա Դոգարուն խոստովանել էր, որ փորձել է այրել գողացված ապրանքը՝ ապացույցները վերացնելու նպատակով: Սակայն հետագայում նա փոխեց ցուցմունքը՝ հայտարարելով, թե չգիտի՝ որտեղ են նկարները:

Ռումինացի քննիչները, սակայն, կտավի մասունքներ, մեխեր ու ներկեր են հայտնաբերել ռումինուհու տան վառարանում: Փորձաքննության արդյունքների մասին առայժմ հայտնի չէ: Գողացված կտավների ընդհանուր արժեքը գնահատվում է  100-200 միլիոն եվրո (130-260 միլիոն դոլար): Կյունստհալ թանգարանի գողությունը վերջին 20 տարիներին Հոլանդիայում կատարված ամենախոշոր հանցագործությունն էր, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի հավաքականը մեկնեց Ալբանիա’
Հաջորդ հոդվածը‘Այսօր ձախլիկների միջազգային օրն է’