‘Մոուրինյո. «Անգլիական ֆուտբոլում առաջին անգամ էի բախվում նման պարտության, սա խայտառակություն է»’

1105

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլում «Բրեդֆորդ Սիթիից» կրած պարտությունից հետո իր հիասթափությունն է արտահայտել: Հիշեցնենք, որ «ազնվականները» պարտվեցին 2:4 հաշվով` խաղի ընթացքում ունենալով երկու գնդակի առավելություն:

«Չեմ կարող ասել, որ շատ եմ հիասթափվել, քանի որ իմ աշխատանքը կատարել եմ հարկ եղածի պես: Ես իմ սաներին նախապատրաստել էի այս խաղին: Ընդմիջման ժամանակ նրանց ասացի, որ հնարավոր է` նման բան տեղի ունենա: Անխոս, պարտության մեջ իմ պատասխանատվությունն էլ կա, սակայն այս երկրում նման արդյունքներ հաճախ են գրանցվում… Բայց ոչ ինձ հետ: Անգլիական ֆուտբոլում առաջին անգամ էի բախվում նման պարտության, սա խայտառակություն է:

Փոքր թիմերը յուրահատուկ մտածելակերպ ունեն: Մրցակցին իմ հարգանք եմ արտահայտում, նրանք հիանալի աշխատանք կատարեցին: Ինչ վերաբերվում է ինձ, ապա հիասթափություն բառը չի համապատասխանում, ես ցնցված եմ»,-պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերված է «BBC-ից:

Հավելենք, որ Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն շնորհավորել է «Բրեդֆորդ»-ի ֆուտբոլիստներին և աշխատակազմին Անգլիայի Գավաթի խաղարկությունում տարած հաղթանակի համար: Ինչպես հայտնում է «Բրեդֆորդ»-ի թվիթերի պաշտոնական էջը, Մոուրինյոն վերջիններիս հանդերձարան է եկել և անձամբ շնորհավորել է թիմի յուրաքանչյուր ֆուտբոլիստին հաղթանակի առթիվ:

Նախորդ հոդվածը‘Ռոնալդուն ներողություն է խնդրել Էդիմարից (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդուն կարող է որակազրկվել 12 խաղով’