‘Մոսկվա. Սիրիայում ՌԴ վարձկանների զոհվելու մասին տվյալներն «ապատեղեկատվություն» են’

2072

Մոսկվան շարունակում է պնդել, որ Սիրիայում  ամերիկյան ավիահարվածի արդյունքում ռուսաստանցի վարձկանների զոհվելու մասին ստույգ տվյալներ չկան, մնացածը զուտ ապատեղեկատվություն է:

«Տասնյակ և հարյուրավոր ռուսաստանցի քաղաքացիների զոհվելու վերաբերյալ նյութերը դասական ապատեղեկատվություն են, — նշել է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի վարչության տնօրեն Մարիա Զախարովան:- Նախնական տվյալներով՝ տեղի ունեցած ռազմական բախման արդյունքում (փետրվարի 7-ին), որի պատճառներն այժմ ճշտվում են, խոսքը կարող է վերաբերել 5 մարդու զոհվելուն, որոնք, ենթադրաբար, ռուսաստանցի են»:

Ընդ որում՝ Զախարովան ընդգծել է, որ «խոսքը ռուսաստանցի զինծառայողների մասին չէ»:

Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները հաղորդել են, որ փետրվարի 7-ին Սիրիայի Դեյր-էզ-Զոր նահանգում ԱՄՆ ավիահարվածի արդյունքում զոհվել են «Վագների ռուսաստանյան մասնավոր ընկերության» մարտիկները: Զոհված ռուսաստանցիների ստույգ թիվը հայտնի չէ, նշվում է մի քանի տասնյակից մինչև մի քանի հարյուր մարդ:

Պաշտոնապես՝ Ռուսաստանի ՊՆ-ն հաղորդել է 25 վիրավորված սիրիացիների մասին, բայց այդ ցուցակում Ռուսաստանի քաղաքացիների մասին խոսք չկա: Դա բացատրվում է նրանով, որ զինվորականները պատասխանատվություն չեն կրում նրանց համար, ովքեր կամավոր են զենք վերցրել: Սակայն այս բացատրությունը բոլորին չէ, որ բավարարում է: Ընդդիմությունը և իրավապաշտպանները պարզաբանումներ են պահանջում: Այսպես, Ռուսաստանի նախագահական ընտրություններում «Յաբլոկո» կուսակցության թեկնածու Գրիգորի Յավլինսկին Վլադիմիր Պուտինին խնդրել է  պարզաբանել Սիրիայում ռուսաստանցի վարձկանների հետ կապված իրավիճակը:

Փոխանցում է euronews-ը:

 

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Սեյրան Սարոյան. Կնանիքին չեն տփում’
Հաջորդ հոդվածը‘Անկարան ԱՄՆ-ին կոչ է անում չաջակցել քրդերին’