‘Յացենյուկ. Մայդանը փակելը չի կարող համաներման պայման լինել’

841

Կիևի Անկախության մայդանում բողոքի անժամկետ ցույցերի դադարեցումը, որպես Ուկրաինայում զանգվածային ակցիաների մասնակիցների նկատմամբ համաներման մասին օրենքն ուժի մեջ մտնելու պայման, անընդունելի է, Գերագույն ռադայի միջանցքում լրագրողներին հայտարարել է «Բատկիվշչինա» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկը:

Այսօր ռադայի նիստն սկսվելուց անմիջապես հետո խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Ռիբակն ընդմիջում էր հայտարարել մինչև ժամը 14.00 (16.00)՝ համաներման հարցը համաձայնեցնելու նպատակով: «Մեր քաղաքական ընդդիմախոսները պայման են դնում՝ պահանջելով փակել Մայդանը, որպեսզի համաներումն ուժի մեջ մտնի: Նման պայմաններն անընդունելի են »,- ասել է Յացենյուկը: Խմբակցության ղեկավարը պարզաբանել է, որ համաներումը չի  տարածվելու մի շարք հանցագործությունների, մասնավորապես՝ սպանությունների, լրագրողների վրա հարձակումների և մարդկանց առևանգման դեպքերի վրա:

Ավելի վաղ Ռեգիոնների կուսակցության պատգամավոր Յուրի Միրոշնիչենկոն հայտարարել էր, որ եթե չհաջողվի համաձայնության գալ, ապա քվեարկության կդրվի ինչպես Ռեգիոնների կուսակցության օրինագիծը, որը համաներման ուժի մեջ մտնելու համար մի քանի պայմաններ է առաջադրում, այնպես էլ ընդդիմության օրինագիծը՝ առանց նախապայմանների համաներման մասին: Որ փաստաթուղթն ավելի շատ ձայներ ստանա, այն էլ կդառա օրենք, պարզաբանել է իշխող կուսակցության պատգամավորը: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հոնկանգյան «անշարժ գույքի արքայադուստրը» բաց նամակով դիմել է հորը’
Հաջորդ հոդվածը‘Հակասական տեղեկություններ Շումախերի առողջական վիճակի վերաբերյալ’