‘«Յա-յա, դաս իսթ ֆանթաշթիս», կամ «Շտանգեն ցիրկուլ»’

2450

Ազգը ևս մի առիթ ունեցավ երջանկանալու համար. Սերժիկ Սարգսյանի հրամանագրով Վրաստանում ՀՀ դեսպան է նշանակվել Յուրիկ Վարդանյանը: Դե լավ, հումորը մի կողմ, բայց ազգին էդքան ուրախացնել կլինի՞, որ ուրախացնում եք:

Մի փոքր անդրադառնանք Յուրի Վարդանյանի կենսագրությանը. մարդը բազում տարիներ ծանրամարտով է զբաղվել ու խորհրդային տարիներին այդ սպորտաձևում մեծ հաջողություններ է ունեցել: Իսկ երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, մարդը, թողնելով երկրաշարժից փլատակ դարձած իր քաղաքը՝ ընտանիքը վերցրեց ու մեկնեց ԱՄՆ մշտական բնակության:

Չեմ խոսում դեռ այն մասին, որ արցախյան պատերազմը սկսվել էր, ու իր պես մարդկանց՝ երկրում գտնվելը կարող էր քաջալերել բազմաթիվ ազատամարտիկների, ինչպես իրենից ոչ պակաս վաստակ ունեցող մարզիկ Սամսոն Խաչատրյանը մեկնեց ռազմաճակատ: Սակայն դրա մեջ էլ շատ չխորանանք, ի վերջո՝ ամեն մարդ ինքն է ընտրում իր ճանապարհը:

ԱՄՆ-ում սույն մարզիկը որևէ հաջողության չհասնելուց հետո որոշեց զբաղվել քաղաքականությամբ և դառնալով Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչը ԱՄՆ-ում՝ սկսեց անեծքներ տեղալ Ռոբերտ Քոչարյանի գլխին և ինքն-իրեն հայտարարել քաղհալածյալ:

Այսքանով ավարտվեց նաև Յուրի Վարդանյանի քաղաքական կարիերան, մինչև այն պահը, երբ իշխանության եկավ Սերժիկ Սարգսյանը, ով, պարզվում է, նույնիսկ Յուրի Վարդանյանի ընդդիմադիր եղած ժամանակ որոշակի կապեր էր ունեցել վերջինիս հետ, որից հետո Յուրիկ Վարդանյանը անմիջապես մոռացավ իր անեծքները Քոչարյանի հասցեին և դարձավ Սերժ Սարգսյանի «սիրելի մարզիկը»:

Ու Սերժիկ Սարգսյանը, ի նշան՝ չգիտեմ ինչի (հետո պարզվեց` որպես դիդակտիկ նյութ), սույն մարզիկին վերադարձրեց հայրենիք և տարբեր պաշտոնների փորձարկումներից հետո նշանակեց Սպորտի և Երիտասարդության նախարար:  

Դե, եթե համեմատում ենք ՀՀԿ կաբինետի մյուս նախարարների հետ՝ Յուրիկ Վարդանյանը շատ քիչ բանով էր նրանցից տարբերվում՝ և՛ ինտելեկտով, և՛ թմրամիջոցների տարածման համար դատապարտված և ազատ արձակված ազգականներով, և՛ իր մտավոր ունակությունների սահմանները չգիտակցելով նրանք գրեթե նույնական են: Սակայն այս ամենը դեռ երկրի ներսում էր արտահայտվում, և կարելի էր մեր «այիբներն» ուրիշներին չցուցանել:

Բայց Սերժիկ Սարգսյանը Սերժիկ Սարգսյան չէր լինի, եթե չգերազանցեր ինքն իրեն և ավելի մեծ խայտառակություն չբերեր ազգիս գլխին:

Հիմա կասեք՝ ի՞նչ է եղել, որ. բռնցքամարտիկ Կլիչկոն  էլ դարձավ Կիևի քաղաքապետ, իսկ երգիչ Բյուլբյուլօղլին  երկար ժամանակ Ադրբեջանի դեսպանն էր Մոսկվայում:  Վրաստանում Հայաստանի նախկին դեսպան, իսկ հիմա էլ՝ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն էլ հիշեցրել է անվանի գրող Չինգիզ Այթմատովիօրինակը, որը նույնպես Խորհրդային Միության վերջին շրջանում դիվանագիտական աշխատանքի էր անցել: Սակայն այստեղ խնդիրը ոչ թե մարզիկը, գրողն ու երգահանն են, այլ այն, որ սույն գրծիչները  որոշակի քաղաքական ուղի են անցել և պաշտպանել են իրենց տեսակետները: Իսկ ի՞նչ տեսակետ է պաշտպանել Յուրիկ Վարդանյանը:

Չնայած՝ ի՞նչ պահանջես սույն մարզիկից, եթե հայրենի ԱԳՆ-ն  վերածվել է կրկեսի, որտեղ դեսպաններ են նշանակվում նրանք, ովքեր չգիտեն՝ որոնք են նույնիսկ Հայաստանի հարևան երկրները (դե արի ու մի ասա՝ Այթմատովն այնքան գիրք է գրել, ինչքան Յուրիկը չի էլ կարդացել…):  

Ինչ արած, այս պարագայում մնում է միայն հիշել  գերմանական հայտնի ֆիլմերից մեկը, որտեղ Յուրիկ Վարդանյանի նման «շտանգիստ» գլխավոր հերոսն անընդհատ պնդում է. «Յա-յա, դաս իսթ ֆանթասթիշ՝ շտանգեն Ցիրկուլ»…

Միսակ Մարտինյան

 

Նախորդ հոդվածը‘Հոսանքազրկումներ Երեւանում և մի շարք այլ մարզերում’
Հաջորդ հոդվածը‘Նալբանդյանը հանդիպել է Իսպանիայի Սենատի անդամի հետ’