‘Յուրա Մովսիսյանը Ռուսաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստի վարկանիշային աղյուսակի առաջատարն է’

992

Հայաստանի հավաքականի եւ «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը Ռուսաստանի առաջնության 9 տուրերի արդյունքում գլխավորում է առաջնության լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը:
Յուրաքանչյուր տուրից հետո ռուսական Championat.com-ում իրականացվում են հարցումներ, որոնց մասնակցում են հինգ հեղինակավոր ֆուտբոլային մասնագետ եւ հինգ մարզական լրագրող: Նրանց քվեարկության արդյունքում որոշվում են տուրի լավագույն ֆուտբոլիստները:
Մասնավորապես, առաջնության վերջին՝ 9-րդ տուրի լավագույն խաղացող է ճանաչվել Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Ալան Ձագոեւը, որին օգտին տրվել է 9 ձայն: Երկրորդը Յուրա Մովսիսյանն է՝ 8 ձայն:
Խաղացողների ստացած ձայները գումարվում են նախորդ տուրերում ստացած ձայներին, որի արդյունքում ձեւավորվում է առաջնության լավագույն ֆուտբոլիստի ընդհանուր վարկանիշային աղյուսակը:
Ընդհանուր հաշվարկում առայժմ առաջատարը Յուրա Մովսիսյանն է, որն ունի 26 ձայն: Երկրորդը «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կերժակովն է, որը երկար ժամանակ գլխավորում էր ցուցակը, սակայն իր թիմի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով նա որպես պատիժ տեղափոխվել է երկրորդ կազմ եւ լավագույն ֆուտբոլիստի կոչման համար մրցավազքում ձայներ ստանալու լուրջ խնդիրներ կունենա:
Երրորդը Ալան Ձագոեւն է՝ 15 միավոր:
Նշենք, որ կայքի մասնագետների մեկ այլ հաշվարկով, որը ձեւավորվում է մի քանի չափորոշիչներով, Յուրա Մովսիսյանը առաջնության լավագույն հարձակվողն է համարվում: Ռուսաստանի առաջնության գլխավոր ռմբարկուն 7,06 միավորով լավագույնն է այդ դիրքում: Ընդ որում, դա ամենաբարձր ցուցանիշն է: Համեմատության համար, առայժմ լավագույն դարպասապահ է համարվում Սերգեյ Նարուբինը («Ամկար»)՝ 6,56 միավոր: Լավագույն պաշտպան՝ Դոմենիկո Կրիշիտոն («Զենիթ»)՝ 6,86 եւ լավագույն կիսապաշտպան՝ Կեյսուկե Հոնդան (ԲԿՄԱ)՝ 6,94:

Նախորդ հոդվածը‘1 մլրդ 300 մլն դրամ՝ երևանյան դպրոցները ջեռուցելու համար’
Հաջորդ հոդվածը‘2013 թ. Բելառուսի համար գազը կթանկանա’