Նազարբաևը տեսաուղերձ է հրապարակել

412

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը երեկ առաջին անգամ՝ բողոքի ցույցերի մեկնարկից ի վեր, հայտնվել է հանրությանը և տեսաուղերձ է հրապարակել, որում հայտարարում է, որ վերնախավի շրջանում որևէ տարաձայնություն գոյություն չունի, Կասիմ Ժոմարտ Տոկաևը լիարժեք իշխանություն ունի, իսկ ինքը վաստակած հանգստի է անցել երկրի մայրաքաղաքում։

«Պատասխանելով ինձ հասցեագրված բազմաթիվ հարցերին, և զանգվածային լրատվամիջոցներում հրապարակումների հետ կապված՝ տեղեկացնում եմ, որ ես 2019 թ․ նախագահի լիազորությունները հանձնել եմ Կասիմ Ժոմարտ Տոկաևին և դրանից հետո թոշակառու եմ ու ներկայումս վաստակած հանգստի եմ անցել Ղազախստանի մայրաքաղաքում, ես ոչ մի տեղ չեմ գնացել»,- հայտարարել է Նազարբաևը։

Խոսելով ցույցերի և դրանց հաջորդած անկարգությունների մասին՝ նախկին նախագահը հայտարարել է, որ այդ իրադարձությունները ցնցել են ողջ Ղազախստանը, և դրանց նպատակն էր «երկրի ամբողջականության և պետության հիմքերի խարխլումը»։

«Այդ դեպքերը ցույց են տալիս, որ անկախությունը պետք է պահպանել աչքի լույսի պես, որպես փխրուն մի անոթ, որը հատուկ հոգածության կարիք ունի։ Տեղի ունեցած ողբերգությունը դաս է բոլորիս համար։ Կարևոր է պարզել, թե ով է կազմակերպել այդ բոլոր անկարգություններն ու սպանությունները։ Հետաքննությունը պատասխան կտա այդ հարցերին»,- հավելել է նա։

«Տոկաևի գործողությունների հրապարակային խրախուսումը Նազարբաևի կողմից հստակ ազդանշան է, թե ով է այժմ երկրում իշխանության ղեկին»,- BBC-ի ռուսական ծառայությանն ասել է բրիտանական Թագավորական ինստիտուտի փորձագետ Քեյթ Մալլինսոնը։ Ըստ նրա՝ Նազարբաևն ապահովել է իր ընտանիքի անդամների անվտանգ հեռացումը և Ղազախստանում իրենց ակտիվներից հանգիստ հրաժարվելու հնարավորությունը, իսկ Տոկաևը լիակատար վերահսկողություն է ստացել պետական ապարատի վրա՝ չեզոքացնելով Նազարբաևների ընտանիքի ազդեցությունը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըAusOpen. Աշխարհի երկրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւի հաղթական մեկնարկը
Հաջորդ հոդվածըԴատախազությունը հետաքրքված է Աբրամովիչի պորտուգալական քաղաքացիությամբ