‘Նազարբեկյան 48 շենքի երեք ընտանիքներ անօթեւան են մնացել’

1198

Երևան քաղաքի Նազարբեկյան փողոցի 48 շենքի երեք բնակչուհիներ դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին և հայտնել, որ երկար տարիներ է՝ իրենց ընտանիքները բնակվում են այդ շենքում, սակայն դատարանի վճռի հիման վրա վերջերս վտարվել են զբաղեցրած բնակարաններից և հայտնվել անօթևանի կարգավիճակում:

Կանայք հայտնել են նաև, որ շենքի՝ նույն կարգավիճակում գտնվող 16 ընտանիքներից 7-ը բնակարանների վերաբաշխման արդյունքում կրկին ապահովվել են բնակարանով, իսկ մյուս 9 ընտանիքներին ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից մերժել են` պատճառաբանությամբ, որ նշված շենքում ազատ բնակարաններ չկան: Մինչդեռ, դիմումատուների պնդմամբ, թիվ 48 շենքում առկա են ազատ, չբաշխված բնակարաններ:

Դիմումատուներից մեկն իր ընտանքով այժմ բնակվում է շենքի տանիքում՝ բաց երկնքի տակ, մյուսը՝ շքամուտքում, իսկ երրորդ ընտանիքը մի քանի օրից պետք է ազատի զբաղեցրած բնակարանը և անչափահաս երեխաների հետ հայտնվի փողոցում:

Օմբուդսմենի գրասենյակից տեղեկացնում են, որ խնդրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով Պաշտպանն արդեն իսկ գրություններ է ուղարկել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն:

 

Նախորդ հոդվածը‘Ստամոքսում թմրանյութ տեղափոխողին վիրահատած բժիշկը յուրացրել է հերոինի փաթեթը’
Հաջորդ հոդվածը‘iLur Բլոգ. Չարչու կերպ մտած, իբրև վիշապ օձ…’