‘Նաիրա Զոհրաբյանը խնդրեց տարբերակ հուշել, թե ինչպես կարելի է իջնել մեքենայից՝ առանց այն կանգնեցնելու’

953

ԱԺ արտահերթ նիստում «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախագծի քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանին տեղեկացրեց, որ իրենք բազմաթիվ բողոքներ են ստանում այդ տուգանքների ոչ միայն համաչափության, այլև ընդհանրապես արդարացիության վերաբերյալ:

«Ամեն օր իմ մեքենան կանգնում է Աբովյան փողոցում՝ մեկ վայրկյան միացնելով վթարային ազդանշանը, որպեսզի ես իջնեմ: Առանց մեքենան կանգնեցնելու՝ ես չեմ կարող մեքենայից իջնել: Ուրիշ տեղ էլ այդ ամբողջ տարածքում տարբերակ չկա, որ ես իջնեմ, և ամեն օր ես ստանում եմ 5000 դրամի տուգանք: Մեքենան կանգնում է՝ մեկ վայրկյան միացնելով վթարային ազդանշանը, որպեսզի ես իջնեմ, որովհետև ես չեմ կարող ընթացքի մեջ իջնել մեքենայից, և ամեն օր ես ստանում եմ նույն տուգանքը: Դուք ինձ առաջարկում եք դիմել վարչական դատարան: Պետք չէ «խելագարության կանխավարկածով» առաջնորդվել: Ես կարծում եմ՝ տուգանքները պիտի լինեն սթափ, տրամաբանական և պիտի իրենց հիմքում ունենան օբյեկտիվություն և անաչառություն»,- ասաց Զոհրաբյանն ու փոխոստիկանապետին խնդրեց տարբերակ հուշել, թե ինչպես կարելի է իջնել մեքենայից՝ առանց մեքենան կանգնեցնելու:

Օսիկյանը պատասխանեց, թե այնպիսի վայրերում, որտեղ արգելված է կայանել` անկախ նրանից` ում տրանսպորտային միջոցն է, պետք է ձեռնպահ մնալ կանգնելուց, ու ասաց, որ համակարգը մշտապես կատարելագործման կարիք ունի, իսկ համակարգի գնահատականը տալիս են համապատասխան փորձագետները, որոնց համաձայն՝ նման սարքերի տեղադրման արդյունքում պատահարների թիվը կրճատվել է:

Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ սա արդեն «75-րդ դեպքն է», որ ինքը տուգանք է ստանում, ու դիմելու է բողոքարկելու:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը և «Թալիբանը» Քաթարում կբանակցեն աֆղանական խնդրի շուրջ ‘
Հաջորդ հոդվածը‘Ո՞ր երկրներում է վավերական ՀՀ կողմից տրված միջազգային վարորդական իրավունքի վկայականը ‘