‘Նաիրա Զոհրաբյանը չի ցանկանում մեկնաբանել Զարուհի Փոստանջյանի տեսակետը’

935

«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը չի ցանկանում մեկնաբանել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի տեսակետը: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց ինքը Զոհրաբյանը՝ հիմնավորելով, որ հայտնի չէ, թե ում տեսակետն իրավունք ունի ներկայացնելու Փոստանջյանը:

««Ժառանգության» մամուլի հաղորդագրությունում ասված է, որ հանդիպումը պաշտոնական է, նախապես պաշտոնապես պայմանավորված է եղել երկու կուսակցությունների ներկայացուցիչների միջև, և հստակ ասված է, թե ով իրավունք ունի ներկայացնելու «Ժառանգություն» կուսակցության տեսակետը, ուստի տիկնոջ տեսակետը, ով, ըստ էության, «Ժառանգություն» կուսակցության պաշտոնական տեսակետը ներկայացնելու որևէ իրավասություն չունի, ես հարկ չեմ համարում անգամ մեկնաբանել»,- ասաց Զոհրաբյանը:

Նշենք, որ Փոստանջյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, թե չի կարծում, որ երկրորդ և երրորդ նախագահներն իրարից անջատ են գործում: «Սա ծրագիր է, և ուզում են դաշտը կրկին իրենց տիրապետության տակ գտնվի»,- ասել էր նա:

Այսօր էլ «Ժառանգության» լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Վերջին օրերին լրատվամիջոցներում հայտնված որոշ կարծիքների և մեկնաբանությունների առնչությամբ պաշտոնապես վերահաստատվում է, որ նոյեմբերի 12-ին «Ժառանգության» Կենտրոնական գրասենյակում կայացել է նախապես և պաշտոնապես համաձայնեցված հանդիպում «Ժառանգություն» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների պատվիրակների միջև:

«Ժառանգության» կողմից հանդիպմանը մասնակցել են կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և վարչության անդամ, մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Հանդիպմանն արծարծված հարցերը ներկայացվելու են վարչության հերթական նիստում, ընթացիկ ամսում: Հետագա քայլերը կորոշվեն վարչության քննարկումներից հետո»:

Նախորդ հոդվածը‘Ուրուգվայում հասկանում են, որ կան երկրներ, որոնք ևս ինքնորոշվելու օրինական ցանկություն ունեն’
Հաջորդ հոդվածը‘Իսրայելը Պաղեստինի դեմ լայնամասշտաբ գործողություններ է ձեռնարկել ‘