‘Նաիրա Զոհրաբյանը պարզաբանում է. Որպես խմբակցության քարտուղար` կարող եմ զրուցել ՎՊ նախագահի հետ’

971

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Zham.am-ի հետ զրույցում անդրադարձել է նախօրեին լրատվամիջոցներից մեկում տեղադրված տեսանյութին, որտեղ Զոհրաբյանը զրուցում էր Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանի հետ:

«Անկեղծ ասած` ես իմ արժանապատվությունից ցածր եմ համարել թաքուն, թիկունքից դարանակալած մեկի կողմից գաղտնալսված` մեր մասնավոր զրույցից կիսատ-պռատ հատվածները մեկնաբանելը, քանզի դա համարում եմ նվազագույնը ոչ պրոֆեսիոնալիզմ` չխոսելով հարցի էթիկական կողմի մասին: Բայց քանի որ նույն տիրոջից սնվող երեք թերթ եւ մի քանի կայքեր շարունակում են այս անհեթեթությունը քննարկել, հարգելով իմ այն լրագրող գործընկերներին, ովքեր թիկունքից եւ թաքուն մասնավոր զրույցներ չեն գաղտնալսում, ասեմ, թե ինչի մասին է խոսքը: Այո, ես` որպես ԲՀԿ խմբակցության քարտուղար, կարող եմ Վերահսկիչ պալատի նախագահի հետ զրուցել թե՛ միջանցքում, թե՛ աշխատասենյակում` քննարկելով ցանկացած հարց: Եվ, այո՛, ես ու պարոն Զաքարյանը զրուցում էինք մեր խմբակցության դիրքորոշման մասին: Ես բառացիորեն ասել եմ հետեւյալը. «Քվեարկության ժամանակ մեր խմբակցության դիրքորոշումը լինելու է դրական, սակայն դա որեւէ կապ չունի, եւ ես մի քանի սուր հարցեր եմ տալու»:-Այսքանը: Ու միայն անառողջ երեւակայությունը կարող է սա համարել սենսացիա կամ պայմանավորվածություն», — ասել է Զոհրաբյանը: 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Սերժիկ Սարգսյանի ինքնազգացողությունը դեռ «դիմադրում է»’
Հաջորդ հոդվածը‘Վանո Սիրադեղյան. Դանթեական առասպել’