‘Նաիրա Զոհրաբյան. Գործող իշխանությունները պետք է հեռանան’

1350

«Ժողովրդի պահանջը պետք է լինի հրամայական բոլորի համար, իսկ ժողովրդի պահանջը մեկն է՝ իշխանափոխություն», — ելույթ ունենալով Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությունով հրավիրված ոչ իշխանական ուժերի խորհրդաժողովին՝ հայտարարել է Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, հաղորդում է zham.am-ը:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ գործող իշխանություններն ունեն «զրոյական վստահություն» և պետք է հեռանան, քանի որ ձախողել են բոլոր ոլորտները և այդ ձախողման պատասխանատուներին պահում են իրենց թիմում։ Պատգամավորը հատուկ ընդգծեց ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը:

— Հայաստանի տնտեսությունը ոչնչացնողներից մեկն այսօր ԱՄՆ-ում դեսպան է նշանակվել, — ասել է նաիրա Զոհրաբյանը, Տիգրան Սարգսյանին համեմատելով Քիմ Քարդաշյանի հետ, որը սոցցանցում հրապարակում է Օբամայի հետ իր նկարները։

Իր ելույթում ԲՀԿ խմբակցության քարտուղարը նշել է նաև, որ շարունակում են պաշտոնավարել քրեական հանցագործություններ գործած «ռեցիդիվիստներ», քանի որ իշխանությունը իզորու չէ պատասխանատվության ենթարկել նրանց։

Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է նաև արտագաղթի խնդրին, նշելով, որ այսօր ավելի արդիական է խոսել հայաթափման մասին, ինչը վերածվել է ազգային անվտանգության խնդրի։

Խոսելով իշխանությունների կողմից նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների մասին՝ Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ իշխանությունը չի հարգում նույնիսկ գործող Սահմանադրությունը, իսկ այդ գործընթացը նախաձեռնելու հիմնական նպատակը՝ իշխանությունը պահելն է, և ոչ իշխանական ուժերը պետք է թույլ չտան դա։

Եզրափակելով իր խոսքը՝ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ այսօր խորհրդաժողովի մասնակիցները կմշակեն իշխանափոխության ճանապարհային քարտեզ։ Պատգամավորն ընդգծել է, որ իշխանափոխությունը չպետք է կատարվի արյունահեղության ճանապարհով։

Նախորդ հոդվածը‘Գյումրիի քաղաքապետը հանդիպել է 102-րդ ռազմաբազայի ղեկավարության հետ’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Քաղաքացուն վաճառվող գազի սակագինը էժանանալու տեղ ունի’