‘Նաիրա Զոհրաբյան. ԵԽԽՎ առաքելության գնահատականը ես անակնկալ չէի համարի’

993

Չեմ կարծում, թե այստեղ որևէ մեկի համար ինչ-որ անակնկալ պիտի լիներ: iLur.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության նախնական գնահատականները՝ այս մասին ասաց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

«Այո՛, ակնհայտ է հանրային վերաբերմունքի պասիվությունը առաջիկա նախագահական ընտրությունների նկատմամբ, այն, որ ընտրացուցակներում մենք մշտապես ունեցել ենք խնդիրներ՝ վերջին ընտրությունների հետ կապված, դա էլ է ակնհայտ, այնպես որ ԵԽԽՎ առաքելության գնահատականը ես անակնկալ չէի համարի»,- ասաց Զոհրաբյանը՝ կարծիք հայտնելով, թե այդ գնահատականները ստեղծված իրավիճակի օբյեկտիվ պատկերն են:

Նշենք, որ ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը, մասնավորապես, մատնանշել էր ընտրացուցակների անճշտությունները և հասարակության ու քաղաքական ուժերի վստահության ու հետաքրքրվածության բացակայությունն ընտրական գործընթացների նկատմամբ:

Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ ինքը և Վահե Հովհաննիսյանը երեկ խորհրդարանում հանդիպել են ԵԽԽՎ դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ, և իրենք ևս ներկայացրել են դիտարկումներ առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ:

Դիտորդական առաքելությունը նաև նշել էր, որ հիմնական քաղաքական կուսակցությունները որոշել են թեկնածու չառաջադրել՝ ընտրությունների նկատմամբ իրենց վստահության պակասի պատճառով: Զոհրաբյանից հետաքրքվեցինք, թե արդյոք ԲՀԿ-ի՝ թեկնածու չառաջադրելու որոշումը նաև այս հանգամանքով է պայմանավորված:

«Մենք, մեր դիրքորոշման հետ կապված՝ ինչը որ հարմար ենք գտել հրապարակել, հրապարակել ենք, ավելին ես չեմ ցանկանում ասել: Ակնհայտ է, որ եթե հիմնական քաղաքական ուժերը ևս առաջադրեին իրենց թեկնածուներին, իհարկե, այլ ընտրությունների մասին կարելի կլիներ խոսել: Իսկ ԲՀԿ-ի դեպքում պատճառները՝ ինչքանը որ հարմար ենք գտել հրապարակել, հրապարակել ենք»,- եզրափակեց ԲՀԿ ներկայացուցիչը:

Նախորդ հոդվածը‘Վալդեսը չի երկարաձգի իր պայմանագրի ժամկետը’
Հաջորդ հոդվածը‘Բողոքի ակցիա դատախազության մոտ՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (տեսանյութ, ֆոտոշարք)’