‘Նաիրա Զոհրաբյան. Կարծես, նոր իմացան, որ երկրում կա պետական բյուջեի գանձագողություն’

862

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը համամիտ չէ մամուլի այն գնահատականներին, որ ԲՀԿ-ի ակտիվությունը պայմանավորված էր զուտ ընտրական գործընթացներով, եւ հիմա, մեղմ ասած, արձակուրդ են գնացել: Այս մասին նա հայտնեց ԱԺ-ում Yerkir.am-ի հետ զրույցում եւ վստահեցրեց, որ պասիվ կեցվածք որդեգրելու որեւէ հրահանգ չկա:

Հարցին, թե ինչո՞ւ ԲՀԿ խմբակցությունն իր դիրքորոշումը չհայտնեց ՎՊ-ի տարեկան հաշվետվության վերաբերյալ, Զոհրաբյանը պատասխանեց. «Այն պատգամավորները, ովքեր նպատակահարմար գտան խոսել ՎՊ-ի հաշվետվության մասին, խոսեցին, մասնավորապես` Միքայել Մելքումյանը: Անկեղծ ասած` մի պահ մեծ էր գայթակղությունը, որ ես ինքս էլ խոսեի, բայց երբ հետեւում էի քննարկումներին, հիշեցի հայտնի անեկդոտը` բա որ բոլորդ սուրբ եք, եկեղեցու խաչը, ո՞վ է գողացել: Տպավորությունն այնպիսին էր, կարծես, նոր իմացան, որ երկրում կա պետական բյուջեի գանձագողություն, թալան, «ատկատը» քաղաքական լեքսիկոնի ամենակիրառելի գործիքն է դարձել: Ես միտումնավոր չցանկացա խոսել, որովհետեւ ուղղակիորեն չցանկացա մասնակցել այդ ռեալիթի-շոուին»:

ԲՀԿ-ական պատգամավորի կարծիքով` այսօրվա թիվ մեկ խնդիրն այն է, թե արդյոք կա՞ երկրում քաղաքական կամք` թալանը կանխելու համար: «Եթե անգամ մենք ՎՊ-ին տանք գանձագողերին գնդակահարելու լիազորություն, խնդիրը չի լուծվելու: Խնդիրը մեկն է` կա՞ երկրում քաղաքական կամք` գանձագողի ձեռքը բռնելու համար»,- հայտարարեց նա:

ՎՊ-ի հաշվետվության հետ կապված` ԱԺ նախագահի առաջին ելույթը, որում նա հայտնել էր իր մեծ զարմանքը, Զոհրաբյանը մեկնաբանել չցանկացավ, նշեց միայն, որ որեւէ նոր բան ԱԺ-ի ամբիոնից ՎՊ-ի հաշվետվության քննարկումների ժամանակ չի հնչել: «Զարմանալ պետք չէ, ընդամենը պետք է ունենալ քաղաքական կամք` խնդիրները կարգավորելու համար»,- խոսքը եզրափակեց պատգամավորը:

Նախորդ հոդվածը‘Ջոն Բրեդլի. Մխիթարյանը «Լիվերպուլում» առանցքային դեր կխաղա’
Հաջորդ հոդվածը‘Յուրի Վարդանյանի «արկածները» նախարար դառնալուց առաջ եւ հետո’