‘Նաիրիտցիները Սերժ Սարգսյանից պահանջում են իրենց աշխատավարձերը’

927

2010 թ. ապրիլից անգործության մատնված «Նաիրիտ» կաուչուկի գործարանի մի քանի տասնյակ աշխատողները Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ պահանջում են մարել աշխատավարձի գծով պարտքերը:

Մինչ այդ նրանք հանդիպել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ, ով խոստացել է նրանց փետրվարի վերջին վճարել մեկ ամսվա աշխատավարձի պարտքը, ինչը գործարանի աշխատողների դժգոհությունն է հարուցել: Նախարարն ավելացրել է, որ մոտ ժամանակներս ձեռնարկության ճակատագիրը կվճռվի`շնորհիվ ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության մասնակցության:

Գործակալության տվյալներով, «Ռոսնեֆտը» ցանկություն է հայտնել Հայաստանում կառուցել նոր կաուչուկի գործարան, այլ ոչ թե արդիականացնել  գործող գործարանը և մարել վերջինիս պարտքերը: Բացառված չէ, որ «Նաիրիտի» մասնագետների մի մասն աշխատի նոր գործարանում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին «Ռոսնեֆտ» նավթային ընկերության նախագահ Իգոր Սեչինի Հայաստան այցի շրջանակում  Սերժ Սարգսյանի  ներկայությամբ «Ռոսնեֆտ», «ՊԻՐԵԼԼԻ Թայր Ռուսաստան» և «Ռոսնեֆտ-Հայաստան» ընկերությունների ներկայացուցիչները ստորագրել են համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք համաձայնագրեր, այդ թվում՝ Հայաստանում բութադիենստիրոլային կաուչուկի արտադրության նպատակով համատեղ ձեռնարկության ստեղծման մասին փոխըմբռնման հուշագիր: 

Հիշեցնենք նաև, որ այսօր ավելի վաղ «Նաիրիտի» աշխատակիցները Կառավարության շենքի մոտ էին հավաքվել։ Նրանք պահանջում էին իրենց 15 ամիսների աշխատավարձների պարտքը։

Աշխատակիցները փոխանցել էին, որ իրենց պատրաստ է լսել Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, վերջինիս հետ հանդիպման էր գնացել ակցիայի մասնակիցների մի մասը: Մովսիսյանն, արդեն սովորության համաձայն, նշել է, թե աշխատակիցներին կվճարվի մեկ ամսվա աշխատավարձ, այն էլ՝ մինչև փետրվարի 20-ը:

Նախորդ հոդվածը‘Կասեցվել է «ԿՐԵԴԻՏ ՀԱՈՒՍ» ՍՊԸ գրավատնային գործունեության լիցենզիան’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքացիական հագուստով անհայտ անձինք խոչընդոտում են մարտի 1-ի հանրահավաքի իրազեկումը’