‘Նաիրիտցիները սպասում են Երվանդ Զախարյանին’

1263

Այսօր առավոտյան, ժամը 7:30, «Նաիրիտ» գործարանում տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ գործարանի ներկա եւ նախկին մի քանի տասնյակ աշխատակիցների մասնակցությամբ: Նրանք հանդիպել են գործարանի գլխավոր տնօրենի հետ, ով ևս մեկ անգամ տեղեկացրել է, որ ժամանակ է պետք աշխատակիցների կուտակված պարտքերը մարելու համար: Հիշեցնենք, որ նաիրիտցիներին կառավարությունը  պարտք է միջինը 18-20 ամսվա աշխատավարձ եւ դեռեւս չի սահմանում աշխատավարձերի մարման ժամանակացույց:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ նաիրիտցիները մի քանի ակցիա էին անցկացրել Կառավարության շենքի եւ նախագահականի դիմաց, սակայն որեւէ պաշտոնատար անձ նրանց հետ չէր հանդիպել: Պատճառը՝ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի՝ երկրից բացակայելն է, քանի որ նա է տիրապետում ողջ գործընթացին եւ դրա մանրամասներին, եւ կառավարությունում ոչ ոք հանձն չի առնում միջամտել այս գործին, ինչը, իհարկե, ժամանակ շահելու եւս մեկ հնարք է:

Կառավարությունը վերջին տարիներին պարբերաբար հայտարարում է գործարանը վերագործարկելու, աշխատավարձերի պարտքերը մարելու մասին, սակայն այժմ, ըստ էության, սկսվել է «Նաիրիտ» գործարանի կոնսերվացիայի գործընթացը: Տարբեր հաշվարկներով՝ գործարանը արդեն կուտակել է մոտ 300-400 մլն դոլարի պարտք:

Փետրվարին աշխատանքից ազատվեցին մոտ 2 հազար նաիրիտցիներ, և մնացին մոտ 500-ը: Որոշ ժամանակ անց աշխատողների թիվը կրճատվելու է ևս կիսով չափ՝ մինչև 250 հոգի:

 

Նախորդ հոդվածը‘Ժերարդ Պիկե. ««Բարսելոնա»-ն ճիշտ ժամանակին դուրս եկավ ճգնաժամից» ‘
Հաջորդ հոդվածը‘Լուիս. «Ժոզե Մոուրինյոն յուրահատուկ է ձեզ համար, բայց ոչ ինձ»’