‘Նալբանդյանն ու Մամեդյարովը կքննարկվեն Սաֆարովի դեպքի հասցրած վնասը եւ ելքի ուղիները. Շավարշ Քոչարյան ‘

872

Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հնարավոր հանդիպման քննարկման առաջին հարցը կլինի ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ ներման դեպքի հասցրած վնասը եւ ելքի ուղիներ փնտրելը: Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «Սաֆարովի դեպքից հետո ձեւացնել, որ ոչինչ չի պատահել, եւ նույն ոգով շարունակել չի կարելի», — ասաց փոխնախարարը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախապատրաստում են Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում, որն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Փարիզում առաջիկա օրերին: Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին արտահանձնելուց եւ ներում շնորհելուց հետո դա կլինի երկու երկրների ԱԳ նախարարների առաջին հանդիպումը:

Համանախագահները ծրագրում են հանդիպման արդյունքներով այց կատարել ԼՂ հակամարտության տարածաշրջան` «վերակենդանացնելու» հիշյալ դեպքից հետո սառեցված բանակցությունները:

Նախորդ հոդվածը‘Երեւանը նոսրացող քաղաքների շարքում է’
Հաջորդ հոդվածը‘Լուչեսկու. Կարող էինք ավելի խոշոր հաշվով հաղթել, սակայն Չեխը հրաշքներ էր գործում’