‘Նալբանդյան. Հայաստանը կարող է առավելագույնս օգտվել տարբեր ինտեգրացիոն ձևաչափերից’

1055

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդարձակ ելույթ է ունեցել ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին, որում մասնավորապես, ասել է.

Հանդիսանալով ցեղասպանության սարսափներով անցած ազգ՝ Հայաստանը մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերի հաստատակամ ջատագով է։ Այս առումով ամենաարդյունավետ միջոցներից է անցյալի ցեղասպանությունների լիակատար ճանաչումը։ Ահա թե ինչու պետությունները չպետք է ստորադասեն այս վեհ նպատակը որևէ աշխարհաքաղաքական հաշվարկների։ ԵԱՀԿ-ն նույնպես ի զորու է քայլեր ձեռնարկել այս հարցի առնչությամբ, քանզի հավատարմությունը նրա սկզբունքներին և հանձնառություններին կարող է մեծապես նպաստել ցեղասպանության կանխարգելման ջանքերին։

Հիշատակի տարեթվերը պետք է հարգվեն խաղաղության և հաշտեցման անկեղծ կամքի դրսևորման միջոցով։ Այս նպատակով էր, որ Հայաստանի նախագահը հրավիրեց իր թուրք գործընկերոջը՝ ապրիլի 24-ին Երևանում մասնակցելու ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը։ Ես անձամբ փոխանցեցի հրավերը նախագահ Էրդողանին Անկարայում։ Ցավալի է, որ մեր հրավերը մնաց անպատասխան՝ դառնալով ևս մեկ կորսված հնարավորություն Թուրքիայի իշխանությունների համար։

2014թ. սեպտեմբերին ահաբեկիչների կողմից Սիրիայի Դեյր Զոր քաղաքի՝ Հայոց ցեղասպանության բազմաթիվ զոհերի մասունքները ամփոփող Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու ոչնչացումը ցավալի և, միաժամանակ, խորհրդանշական կապ է մարդկության դեմ անցյալի և ներկա հանցագործությունների միջև։ Մշակութային գլուխգործոցների ոչնչացումը փորձ է՝ ջնջելու այլ ժողովուրդների հիշողությունը, ոչնչացնելու հազարամյա մշակույթներն ու քաղաքակրթությունները։

Վերջերս մենք բոլորս ականատես եղանք, թե ինչպես են ԻԼԻՊ-ի զինյալները ավերում Մոսուլի թանգարանի 2700-ամյա արձանները։ Քաղաքակրթության դեմ այս հանցագործությունը ահարկու հիշեցումն է նախկինում իրականացված նմանատիպ բարբարոսական գործողությունների, ինչպիսին էին՝ Բուդդայի Բամիանական արձանների, Տիմբուկտուի դամբարանների, Նախիջևանում հայկական միջնադարյան հազարավոր խաչքարերի ոչնչացման դեպքերը։

Հաշվի առնելով տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացները ԵԱՀԿ տարածաշրջանում, թույլ տվեք ներկայացնել մեր համոզմունքն առ այն, որ ցուցաբերելով ավելի մեծ ստեղծագործական մոտեցում և հիմնվելով հնարավորությունների, այլ ոչ թե անհամատեղելիությունների վրա՝ մենք կարող ենք առավելագույնս օգտվել տարբեր ինտեգրացիոն ձևաչափերից և ձևավորել ներդաշնակության մթնոլորտ` խուսափելով նոր բաժանարար գծերից:

Ինչպես հայտնի է, Հայաստանը վերջերս միացավ Եվրասիական տնտեսական միությանը, ինչն արտացոլում է մեր ռազմավարական շահերը, մեր պետության համար ստեղծում է տնտեսական զարգացման նոր հնարավորություններ:

Ներկայումս մենք աշխատում ենք մեր ԵՄ գործընկերների հետ՝ որոշելու մեր համագործակցության հետագա իրավական շրջանակը, որն արտահայտելու է մեր համագործակցության էությունը` հիմնված այն առաջընթացի վրա, որը մենք արձանագրել ենք: Հայաստանը պատրաստ է բոլոր ձևաչափերով, բոլոր հնարավոր ոլորտներով և ուղղություններով շարունակել համապարփակ համագործակցությունը՝ նկատի ունենալով մեր պարտավորությունները այլ ինտեգրացիոն գործընթացներում:

Նալբանդյանը արծարծել է նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցեր: Նա նշել է, որ 2014թ.ին՝ Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի համաձայնության ստորագրման 20-ամյակի տարում, Բաքուն լրջորեն սրեց իրավիճակը` զգալիորեն մեծացնելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և թիրախավորելով քաղաքացիական շրջանները, այդ թվում՝ ծանր զինատեսակների օգտագործմամբ: «Բաքվի այս քաղաքականությունը պատճառ է հանդիսացել աննախադեպ մեծ թվով կորուստների հակամարտության բոլոր կողմերի համար: Ադրբեջանը, գրեթե ամբողջապես վերահսկելով ԶԼՄ-ների գործունեությունը իր երկրում, թաքցնում է իր իսկ սադրանքների արդյունքում մարդկային կորուստների իրական թիվը:

Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման հետևանք հանդիսացող շարունակական լարվածության պայմաններում համանախագահները հանդիպեցին Ադրբեջանի արտգործնախարարին և «խիստ մտահոգություն հայտնեցին շփման գծի և Հայաստան — Ադրբեջան սահմանի երկայնքով ներթափանցումների առնչությամբ»: Նրանք ուղղակիորեն կոչ արեցին «Ադրբեջանին հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորման իր պարտավորություններին»: Մենք ուրախ ենք, որ համանախագահները ի վերջո արձագանքեցին մեր կոչերին՝ հստակորեն մատնանշելով բռնության պատասխանատու կողմը: Այնուամենայնիվ, ոչինչ չի զսպում Ադրբեջանին:

Ադրբեջանը ձախողել է ԵԱՀԿ հետ բոլոր հարթություններով համագործակցությունը և այն որպես կառուցողական քննարկումների հարթակ օգտագործելու փոխարեն հանդգնում է օգտագործել կազմակերպությունը՝ իր նեղ քաղաքական օրակարգը առաջ մղելու նպատակով: Ձեզնից ոմանք ականատես են եղել, թե ինչպես Ադրբեջանը սպառնաց վետո դնել ԵԱՀԿ ամբողջ բյուջեի վրա, եթե միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման համար որևէ ֆինանսավորում հատկացվի: Եվ սա միակ դեպքը չէ, երբ Ադրբեջանը փորձել է կաթվածահար անել կազմակերպության աշխատանքները: Նույնը տեղի է ունենում գրեթե յուրաքանչյուր Նախարարական խորհրդի նախապատրաստական փուլում, երբ Ադրբեջանը պատանդ է դարձնում մեր համատեղ որոշումները՝ փորձելով պարտադրել իր նեղ նպատակները:

Ադրբեջանում այն լրագրողները, քաղաքացիական ակտիվիստները և մտավորականությունը, ովքեր խաղաղության և հաշտեցման ջատագովներ են, բոլորը հետապնդվում են որպես «հայկական լրտեսներ»: Ադրբեջանը պատժում է նրանց, ովքեր համարձակվում են մտածել հաշտեցման մասին, և խրախուսում նրանց, ովքեր հայերի հանդեպ հանցագործություններ են իրականացնում:

Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ պատրաստ է շարունակել բանակցությունները՝ հիմնված համանախագահ երկրների առաջարկների վրա:

Բանակցություններում ներգրավվելու փոխարեն՝ Բաքուն փորձում է բանակցությունների իմիտացիա ստեղծելու նպատակով ներկայացնել սեփական գաղափարները՝ որպես համանախագահների առաջարկներ, խեղաթյուրում է հակամարտության և բանակցային գործընթացի էությունը և արշավ է իրականացնում Մինսկի խումբը հեղինակազրկելու նպատակով: Շարունակաբար քննադատվում է նաև ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը: Բախվելով այս իրականությանը՝ Մինսկի խմբի համանախագահները հունվարի 27-ին հարկադրված էին հիշեցնել Ադրբեջանի արտգործնախարարին իրենց մանդատի մասին և «մտահոգություն հայտնեցին ընթացող բանակցային գործընթացի, Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ դիտորդների պարտականությունների առնչությամբ քննադատության վերաբերյալ»:

2015թ. մայիսի 3-ին Արցախի ժողովուրդը 6-րդ անգամ կիրականացնի Ազգային ժողովի պատգամավորներ ընտրելու իր ժողովրդավարական իրավունքը: Ժողովրդավարական գործընթացները Արցախում նպատակ չունեն ազդելու խաղաղ գործընթացի վրա կամ ինչ-որ կերպ նպաստելու միջազգային ճանաչմանը, ինչպես դարձյալ այստեղ՝ Մշտական խորհրդի հանդիպումներից մեկի ժամանակ, նշվել է որոշ մասնակից երկրների կողմից: Ժողովրդավարության կառուցումը` հիմնված մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների վրա, աշխարհի յուրաքանչյուր անկյունում, պետք է միայն ողջունվի միջազգային հանրության այլ ժողովրդավարական անդամների կողմից: Թույլ տվեք հիշեցնել Մարդու իրավունքների համըմդհանուր հռչակագրի 2-րդ հոդվածը, որը սահմանում է. «Յուրաքանչյուր ոք ունի սույն Հռչակագրում նշված բոլոր իրավունքներն ու ազատությունները` անկախ որևէ ռասայական, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի, քաղաքական պատկանելությունից և համոզմունքներից…: Ավելին, որևէ տարբերակում չպետք է դրվի` ելնելով անհատի բնակության երկրի կամ տարածքի քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակից»: Այս առումով պետք է նշել, որ աշխարհում ազատության վերաբերյալ Freedom House-ի 2015թ. զեկույցի համաձայն, Արցախը շատ առաջ է Ադրբեջանից՝ հիմնարար ազատությունների առումով:

Այդ պատճառով էլ պատահական չէ, երբ Բաքուն քննադատում է Արցախում անցկացվող ընտրությունները` հաշվի առնելով Ադրբեջանում մարդու իրավունքների ներկայիս վիճակը: Այնուամենայնիվ, երբեմն մի քանի մասնակից երկրներ, մի կողմից հայտնելով իրենց աջակցությունը Մինսկի խմբի համանախագահներին, մյուս կողմից այնպիսի հայտարարություններով են հանդես գալիս, որոնք հակասում են խաղաղության գործընթացի ոգուն և բովանդակությանը: Համանախագահները հստակ նշում են, որ ընտրական գործընթացի միջոցով «Լեռնային Ղարաբաղը փորձում է ժողովրդավարորեն կազմակերպել իր բնակչության հանրային կյանքը»: Մենք կոչ ենք անում բոլոր մասնակից երկրներին՝ հետևելու համանախագահների ձևակերպումներին, ոչ միայն Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ընտրությունների վերաբերյալ, այլև՝ հիմնահարցի հետ կապված այլ հարցերում, քանի որ այս ձևաչափը միջազգայնորեն միակ մանդատ ունեցող մարմինն է՝ հիմնահարցի կարգավորման գործում, և համանախագահների արտահայտություններից ցանկացած շեղում կարող է նշանակել կողմնակալ մոտեցում:

Նախորդ հոդվածը‘Ռայոլա. «Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է մնալ «Բորուսիայում»»’
Հաջորդ հոդվածը‘Նախորդ գիշեր հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ’