‘Նախագահականից ֆինանսավորվող «Զորակն» հիմնադրամի տնօրենը՝ դանակահարության հեղինակ . «Հայազն»’

3215

«Հայազն» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «ՀՀ նախագահի աշխատակազմին կից վարչություններից մեկի աշխատակիցներ ներկայացող մի խումբ անձիք` իրենց ղեկավար Կարեն Վրթանեսյանի գլխավորությամբ, ս.թ. հունվարի 12-ի երեկոյան նախապես ծրագրավորված ծեծկռտուք են սադրել իրենց կողմից կանխավ ընտրված վայրում: 

Այդ ընթացքում հիշյալ անձի մերձավոր օգնական` Կարեն Վրթանեսյանին պատկանող և նախագահականից ֆինանսավորվող «Զորակն» հիմնադրամի տնօրեն Հովհաննես Հարությունյանը դանակահարել է Գրիգոր Ամիրյանին` պատճառելով 13 սմ խորությամբ վերք և կտրելով արյունատար անոթը: 

Իրականում, Կարեն Վրթանեսյանի գլխավորած խմբի հիմնական թիրախներն էին «Հայազնի» անդամներ Դավիթ Խոսրովյանը և Արմեն Մկրտչյանը: Գրիգոր Ամիրյանը տուժել է այն բանից հետո, երբ տեսնելով իր ընկերոջ` Դավիթ Խոսրովյանի վրա հարձակվող Հովհաննես Հարությունյանին, կանխել է այդ հարձակումը:

«Հայազնի» դեմ ընդհանրական և հասցեական թշնամանքի բազմաթիվ դրսևորումներ և հարցերը փողոցում քրեորեն լուծելու փորձեր նախկինում ևս եղել են, սակայն մինչ օրս նրանց չէր հաջողվել գործը ծեծկռտուքի հասցնել: 

Կարեն Վրթանեսյանի և իր գլխավորած մերձիշխանական կիսագաղտնի կառույցի գործառույթներից մեկը քաղաքական մանկապղծությունն է՝ հայրենասիրական տրամադրություններ ունեցող երիտասարդների շրջանում՝ նրանց ապաքաղաքականացումը և իշխանական կառույցների հսկողության ներքո հավաքագրումը, տարատեսակ քարոզչական արշավները, որոնք իբր ավելի դրական վերաբերմունք պետք է ձևավորեն Սերժ Սարգսյանի ակնհայտ ապազգային իշխանության նկատմամբ: Նրանց այդ գործունեությունը հանդիպել է «Հայազնի» բնականոն քննադատական հակազդեցությանը:
Մենք մտադիր ենք իրազեկել հանրությանը իր հարկերի հաշվին գոյություն ունեցող այդ կառույցի գործունեության ու կազմի վերաբերյալ: Կարեն Վրթանեսյանը վերջին շրջանում անթաքույց պարծենում է Վատիկանում ՀՀ դեսպանի ղեկավարած ինչ-որ օղակի աշխատակից լինելու հանգամանքով:

Հանդիպելով տուժողի ներկայացուցիչների հետ՝ Կարեն Վրթանեսյանը ոչ միայն որևէ զղջում չի ցուցաբերել, այլև ցինիկաբար հայտարարել է, որ իր ընկերներից ոչ ոք ոչ մեկի չի դանակահարել:

Առայժմ մենք վստահ չենք, արդյո՞ք կատարվածը Կարեն Վրթանեսյանի անձնական անհավասարակշռության և ոչ համարժեքության արդյունք է, թե՞ պետական արտոնությամբ հերթական հատուկ գործողություն»: 

Ավելի ուշ «Զորակն» գիտակրթական երիտասարդական հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի անդամ Կարեն Վրթանեսյանը պատասխան հայտարարություն տարածեց` «Հայազն»-ի մեղադրանքները անհիմն զրպարտանքներ որակելով:

«Այս պահին մենք քայլեր ենք ձեռնարկում իրավական հարթությունում խնդրի լուծման ուղղությամբ։ Միաժամանակ իրավական գործընթաց է նախապատրաստվում մեր հիմնադրամի բարի համբավը զպարտությամբ ու կեղծիքներով վարկաբեկելու փորձը խափանելու, ինչպես նաև դրանով պատճառած նյութական վնասների փոխհատուցում ստանալու համար։ Կոչ ենք անում լրատվամիջոցներին զերծ մնալ չստուգված տեղեկություններ տարածելուց։ «Զորակն» հիմնադրամը իրագործում է ծրագրեր ՀՀ սահմանամերձ գյուղերում, ինչպես նաև Երևանում և Արցախի ազատագրած տարածքում։ Հիմնադրամի գործունեությանը կարող եք ծանոթանալ մեր ֆեյսբուքյան էջում.http://facebook.com/zorakn Հատուկ ուշադրություն ենք դարձնում, որ «Զորակն» հիմնադրամը երբևէ չի ֆինանսավորվել և չի ֆինանսավորվում որևէ պետական կառույցի կողմից», ասվում է հայտարարության մեջ։

Նախորդ հոդվածը‘ՀԱԿ խմբակցությունը շրջանառության մեջ կդնի մի շարք առանցքային օրինագծեր ‘
Հաջորդ հոդվածը‘Վազգեն Խաչիկյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվել է’