‘Նախագահի նախկին թեկնածուն հետախուզման մեջ է’

1029

2013-ի փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրված, սակայն հետո ընտրապայքարից դուրս եկած նախկին թեկնածու Ռոբերտ Ահարոնյանը  ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության կողմից հետախուզման մեջ է գտնվում, հայտնում է Panorama.am-ը:

Գործակալությանը դատական տեղեկատվական համակարգից հայտնի է դարձել, որ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դեռ 2010-ին որոշել է հօգուտ «Պրո կրեդիտ բանկ» փակ բաժնետիրական ընկերության Ռոբերտ Էդուարդի Ահարոնյանից (հասցեն` Վ. Համբարձումյան 6-33) և Աստղիկ Գերավետյանից բռնագանձել 98 340.30 ՀՀ դրամ` բռնագանձումը տարածելով պատասխանողների գույքի, այդ թվում նաև` գրավադրված գույքի վրա:

Դատաքննության ընթացքում հայցվոր հանդիսացող բանկի ներկայացուցիչը դատարանին հայտնել է, որ «Պրո Կրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի և պատասխանող Ռոբերտ Ահարոնյանի միջև 2008-ի ապրիլի 11-ին կնքված վարկային պայմանագրի շրջանակներում, «Պրո Կրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի կողմից պատասխանող Ռոբերտ Ահարոնյանին տրամադրել է 1.000.000 ՀՀ դրամ գումարի վարկ, իսկ վերջինս պարտավորվել է վերադարձնել ստացված գումարը և դրա հաշվարկվող տոկոսները ոչ ուշ քան մինչև 2009 թվականի ապրիլի 13-ը: Նշված պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման համար երաշխավոր է հանդիսացել Աստղիկ Գերավետյանը:

Պատասխանող Ռոբերտ Ահարոնյանի ընդհանուր պարտքը «Պրո Կրեդիտ Բանկ» ՓԲԸ-ին 2009 թվականի դեկտեմբերի 25-ի դրությամբ կազմել է 98 340.30 ՀՀ դրամ, այդ թվում` 98 340.30 ՀՀ դրամ` տրամադրված վարկի գումարի մնացորդը: Հետևաբար հայցվորը խնդրել է համապարտության կարգով պատասխանողներ Ռոբերտ Անտոնյանից և Աստղիկ Գերավետյանից հօգուտ «Պրո Կրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 98 340.30 ՀՀ դրամ` բռնագանձումը տարածելով պատասխանողների գույքի, այդ թվում նաև` գրավադրված գույքի վրա:

Միաժամանակ խնդրել է Ռոբերտ Ահարոնյանին և Աստղիկ Գերավետյանին պարտավորեցնել համապարտության կարգով վճարելու նաև պարտքի մնացորդ գումարին հաշվարկված տույժերը և տոկոսները վարկային պայմանագրով սահմանված դրույքաչափերով` սկսած 2009 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև գումարը «Պրո Կրեդիտ Բանկ» ՓԲԸ-ին փաստացի վերադարձնելու օրը:

Պատասխանողները թեև պատշաճ կերպով ծանուցվել են դատական նիստի ժամանակի և վայրի մասին, սակայն դատական նիստին չեն ներկայացել և չեն ներկայացրել հայցադիմումի վերաբերյալ գրավոր պատասխան: Վճիռը կամովին չկատարելու դեպքում, ըստ դատարանի որոշման, այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին:

Նախորդ հոդվածը‘Հունաստանում շարունակվում են ոստիկանության եւ անարխիստենրի միւեւ բախումները’
Հաջորդ հոդվածը‘Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը բացվել է’