‘Նախաձեռնությունը կոչ է անում վարորդներին բողոքարկել տուգանքները’

1150

Արագաչափերի, տեսախցիկների և կարմիր գծերի դեմ պայքարող «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը այսօրվանից սկսում է խախտումների համար վարորդների ստացած տուգանքների բողոքարկումը: Այս մասին լրագրողներին ասել է նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը:

«Մենք անցնում ենք պայքարի հաջորդ փուլ, կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին տուգանքների կտրոնները բերել մեր գրասենյակ, և մենք դրանք ամբողջը կբողոքարկենք»,- Վարդան Հակոբյանի խոսքերմ է մեջբերում news.am-ը: Բանախոսը նաև նշել է, որ բողոքարկման համար արդեն իրավաբանների խումբ է ձևավորվել, իսկ բողոքներն իրենք կընդունեն այօր առավոտվանից իրենց գրասենյակում: Վարդան Հակոբյանը տեղեկացրեց նաև, որ մինչև այս իրենք մի քանի նման հայցերով դիմել են դատարան և իրենց բողոքները բավարարվել են:

«Այս ոլորտում այնքան օրենսդրական բացեր կան, որ հերիք է՝ քաղաքացին որոշի իր իրավունքները պաշտպանել, ինքը կպարզի, որ պաշտպանված է ավելի շատ, քան գիտեր  մինչև այդ»,-նշեց Վարդան Հակոբյանը:

«Մենք վարորդներին ուզում ենք ասել՝ մի մուծեք այդ տուգանքները ոչ միայն նրա համար, որ այդ 5000 դրամը ձեզ պետք կգա: Դատարանում ակտը բողոքարկելը պայքարի շատ կարևոր ձև է: Մենք պատրաստվում ենք վարչական դատարանը ողողել ակտեր  բողոքարկելով: Պատկերացրեք՝ օրական 4000 խախտում է արձանագրվում: Ի՞նչ կլինի դատարանի վիճակը, եթե օրական գոնե դրանց չնչին մասը բողոքարկվի»,- ասել է Վարդան Հակոբյանը:

Նախաձեռնության անդամ Արմեն Եփրեմյանը տեղեկացրել է, որ վարորդներն իրենց կարող են դիմել 095 95 62 30 հեռախոսահամարով: Նա նաև նշեց, որ իրենք դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին՝ կարմիր գծանշանների առկայության սահմանադրականությունը ուսումնասիրելու խնդրանքով:

Նշենք սակայն, որ նշված համարը այսօր առավոտվանից անհասանել է:

Հիշեցնենք, որ նախաձեռնությունը այսօր վեցերորդ ավտոերթը կանցկացնի՝ «Չենք մուծում,  բողոքարկում ենք բոլոր ակտերը» կարգախոսով:

Հիշեցնենք, որ «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը պահանջում է վերացնել կարմիր գծերը, 5 անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները, մինչև այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում և դադարեցնել բոլոր տեսակի տուգանքները մինչև նոր կանոնակարգի հաստատվելը:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Սերժ Սարգսյանը մնացել է միշիկյան քարոզչամեքենայի հույսին’
Հաջորդ հոդվածը‘Մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Հենրիկ Մամյանը’