‘Նախարարն ի՞նչ գիտի՝ պետականությունն ինչ է ‘

1652

Ծանոթանալով իշխանության ներկայացուցիչների խոսքերին, մեկնաբանություններին՝ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Սերժ Սարգսյանի շրջապատում, մեղմ ասած, կատարյալ տգետներ են, որոնց ոչ միայն յուրաքանչյուր գործը, այլեւ հենց միայն խոսքը վնասում է Հայաստանի Հանրապետությանը:

Սերժ Սարգսյանի կողմից Սպորտի եւ երիտասարդության  նախարար նշանակված Յուրի Վարդանյանը օրերս մի հարցազրույց է տվել Tert.am-ին, որտեղ ասում է հետևյալը. «Նայեք ինչ կա՝ մեր երկրի աշխարհագրական դիրքով է պայմանավորված մեր «պարոդը», և դրա համար էլ՝ նա չի կարող դառնալ բասկետբոլի չեմպիոն. ուզում ես՝ միլիարդներ դիր։ Տեսեք՝ մենք արտագաղթում ենք հիմնականում այն պատճառով, որ մեր հարևան երկրների հետ դիվանագիտական նորմալ հարաբերություններ, նորմալ կոմունիկացիաներ չունենք, որ մեր պոտենցիալի չափով զարգանանք»:

Նման հայտարարություններ վերջին տասը տարիների ընթացքում անում էին Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը, ՊՆախարար Ս. Աբիևը, Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները: Նրանք հիմնավորում էին Հայաստանի շրջափակումը նրանով, որ Հայաստանն այդպիսով թուլանում է, և աճում է արտագաղթը: Ալիևը նույնիսկ անկեղծացել է, որ նման տեմպերով արտագաղթի պայմաններում հակամարտության կարգավորումն էլ կլինի ինքնըստինքյան: Դրա համար մեծ ջանքեր պետք չի գործադրել, միայն հարկավոր է շարունակել շրջափակման քաղաքականությունը:

Հիմա՝ Հայաստանը, կառավարության անդամի շուրթերով, հաստատում է, որ ադրբեջանական-թուրքական գործողությունները արդյունավետ են: Պետական դավաճանության հավասար մի հայտարարություն: Կարելի է պատկերացնել, թե ինպիսի ոգևորություն է նման հայտարարությունն առաջացրել Անկարայում ու Բաքվում, որտեղ վստահ են, որ հայաստանյան իշխանություններում սա գերիշխող տրամադրություն է: Նման հայտարարությունից հետո, բնականաբար, Ադրբեջանն ու Թուրքիան ավելի կհամոզվեն, որ իրենց այսօրվա քաղաքականությունը միակ ճիշտն է:

Ի դեպ, խնդիրն այստեղ ոչ միայն  նախարարի՝ նման հրապարակային պարտվողական և ադրբեջանանպաստ հայտարարությունն է, այլ նաև այն, որ հարցազրույց վերցրած լրագրողը և լրատվամիջոցը միանշանակ հարում են իշխանություններին, Սերժ Սարգսյանը ունի 3 դիվանագետ խորհրդական/օգնական, արտաքին հարաբերությունների ստորաբաժանում, կա վերջապես ԱԳՆ, և որևէ մեկը չի կանխում նման խայտառակ հարցազրույցի հրապարակումը: Եւ զարմանալի է, որ նման նվաստացուցիչ հարցազրույցից հետո Յուրի Վարդանյանը հրաժարական չի տալիս, իսկ ՀՀ ԱԳՆ էլ իր կողմից նախարարի հայտարարությունների վերաբերյալ որեւէ մեկնաբանությամբ հանդես չի գալիս:

Հ.Գ. Ի դեպ, Յուրի Վարդանյանն այս հարցում միայնակ չէ: Նման խայտառակ հայտարարություններ պարբերաբար անում են հայաստանյան տարբեր պաշտոնյաներ՝ այսպիսով անընդհատ ապացուցելով, որ Սերժ Սարգսյանն ու իր թիմը որեւէ առնչություն չունեն պետական մտածելակերպի հետ:

Արմենակ Աղայան

 

Նախորդ հոդվածը‘Բուլղարիայում անհանգստացած են, Հայաստանում իրենց հավաքականին սպասվող իրադարձությունների պատճառով’
Հաջորդ հոդվածը‘Ամալյանին պաշտոն են տվել’