‘ՆԱՏՕ. Ռուսաստանը, հնարավոր է, հարձակում է նախապատրաստում Դոնբասում’

955

Եվրոպայում ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Ֆիլիպ Բրիդլավը հայտարարել է, որ Ռուսաստանն օգտագործում է «լռության ռեժիմը» Ուկրաինայի արևելքում, որպեսզի վերադասավորի զորքերը և, հնարավոր է՝ հարձակման անցնի:

Գեներալի խոսքով՝ Պենտագոնն անակնկալի է եկել Ուկրաինայում վերջին տեղաշարժերից:

Հանդես գալով ԱՄՆ սենատի զինված ուժերի հանձնաժողովում՝ գեներալ Բրիդլավը նշել է, որ ամերիկյան հատուկ ծառայությունները պետք է ավելի շատ հնարավորություններ ունենան՝ տարածաշրջանում Ռուսաստանի գործողությունները վերահսկելու համար: Իրավիճակն Ուկրաինայում շարունակում է մնալ փխրուն և անկայուն, հավելել է նա.

Բրիդլավը բազմիցս է հայտարարել, որ Դոնեցկի և Լուգանսկի  մարզերում մեծ թվով ռուսաստանցի զինծառայողներ կան, որոնք ուսուցանում և պատրաստում են անջատական ուժերին:

Ռուսաստանն էլ ամեն անգամ հերքում է արևմտյան երկրների և միջազգային փորձագետների պնդումները՝ Ուկրաինայի հակամարտությանը իր անմիջական մասնակցության վերաբերյալ: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Պոռոշենկո. Պատերազմը կավարտվի, երբ կվերադարձվեն Դոնբասը և Ղրիմը’
Հաջորդ հոդվածը‘Օսիպյանն ուզում է մինչեւ Ս.Սարգսյանի գալը հրապարակը «մաքրի» նաիրիտցիներից’