‘Նեթանյահուն լրացուցիչ ժամանակ է ստացել կառավարություն ձևավորելու համար’

883

Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը վարչապետ Բենիամին Նեթանյահուին երկու շաբաթ լրացուցիչ ժամանակ է տրամադրել՝ կառավարություն կազմելու համար, փոխանցում է France-Presse գործակալությունը: Պերեսն այդ մասին հայտարարել է մարտի 2-ի երեկոյան:

Նեթանյահուն լրացուցիչ ժամանակ էր խնդրել մարտի 1-ին, երբ ավարտվել էր կառավարություն կազմելու համար օրենքով նախատեսված չորսշաբաթյա ժամանակը: Նախագահը կարող էր ընդառաջել նրա խնդրանքին, կամ էլ կարող էր դաշինք ձևավորելու իրավունքը փոխանցել Նեթանյահուի հակառակորդներին՝ Յահիր Լափիդի «Ապագա կա» կուսակցությանը, որը հունվարի 22-ին Կնեսետի ընտրություններում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ ստանալով 19 մանդատ: Վարչապետի «Լիքուդ» կուսակցությունն զբաղեցրել է առաջին տեղը և ստացել Կնեսետի 120 տեղերից 31-ը: Նեթանյահուն պետք է պայմանավորվածություններ ձեռք բերի աջակողմյան և կրոնական ճամբարների հավանական դաշնակիցների հետ, որոնք, սակայն, լեզու չեն գտնում միմյանց հետ: Ավելի վաղ վերլուծաբանները կանխատեսել էին, որ ընտրությունների արդյունքում քաղաքական ուժերից ոչ մեկը չի կարող դաշինք ձևավորել, և Իսրայելում կրկին կկայանան Կնեսետի ընտրություններ, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘‎ Բանգլադեշում երկօրյա քաղաքական գործադուլ է սկսվել’
Հաջորդ հոդվածը‘Պապարացիները հարձակվել են Բեն Աֆֆլեքի վրա եւ վախեցրել նրա դստերը’