Նեթանյահու․ Իրանին միայն ռազմական սպառնալիքը կզսպի միջուկային զենք ստանալուց

267

Ռազմական ուժ կիրառելու համոզիչ սպառնալիքը միակ ուղին է, որը կարող է զսպել այնպիսի երկրների, ինչպիսին Իրանն է՝ միջուկային զենք մշակելուց։

Նման կարծիք է հայտնել Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն՝ հանդես գալով Թել Ավիվում անվտանգության հարցերով իսրայելա-ամերիկյան համաժողովում։

Պատասխանելով այն հարցին, թե զսպման ինչ քաղաքականություն է ավելի ճիշտ համարում, այսպես կոչված՝ իզգոյ երկրների նկատմամբ, Իսրայելի վարչապետը օրինակ է բերել Իրաքը, Լիբիան, Սիրիան։ Ըստ նրա՝ այդ երկրներից յուրաքանչյուրը ոչ վաղ անցյալում զանգվածային ոչնչացման զենքի մշակում էր իրականացնում, և յուրաքանչյուր դեպքում այդ փորձերը բարեհաջող դադարեցվել են ռազմական ուժով։ Մյուս կողմից, շարունակել է Նեթանյահուն, կա ԿԺԴՀ-ի օրինակը, որը կարողացել է միջուկային զենք ստեղծել՝ լուրջ դիմադրության չհանդիպելով։

«Նրանց չեն կասեցրել, որովհետև ռազմական միջոցների կիրառման սպառնալիք չի եղել, այնպես որ նրանք, ի վերջո, զարգացրել են միջուկային կարողությունները»,- նշել է Նեթանյահուն։ Հիմա էլ, շարունակել է նա, Իրանն է ձգտում միջուկային զենք ստեղծել։ Ըստ նրա՝ մի անգամ հաջողվել է կասեցնել Թեհրանի միջուկային ծրագիրը՝ 2003 թ․ Իրաքի պատերազմից հետո։ «Այն ժամանակ նրանք մտածում էին, թե դուք՝ Ամերիկան, նրանց նկատմամբ միջոցներ կկիրառեք։ Իսկ հետո գաղտնագրեցին իրենց ծրագիրը՝ քողարկելով տարբեր քաղաքացիական, այսպես կոչված՝ հետազոտական կազմակերպությունների անվան տակ։ Բայց շարունակեցին»,- նշել է Իսրայելի վարչապետը։

«Կարող եմ ասել, որ ես անելու եմ ամեն ինչ, որպեսզի Իրանին խանգարեմ ստանալ միջուկային զենք։ Դա ոչ միայն Իսրայելի շահերից է բխում, դա նաև ամերիկյան շահերից է բխում, ինչպես նաև՝ ամբողջ աշխարհի»,- համոզված է Նեթանյահուն։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄեդվեդև․ Ռուսաստանը պատրաստ է պաշտպանվել ցանկացած զենքով, այդ թվում՝ միջուկային
Հաջորդ հոդվածըԹուրքիայում նոր երկրաշարժի հետևանքով վիրավորվել է 562 մարդ, զոհվել` 6 մարդ. «Ազատություն»