‘Ներկայացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը. Ռոման Բերեզովսկի’

1500

Եվրո-2016-ի որակավորման փուլի՝ Պորտուգալիայի դեմ հանդիպմանն ընդառաջ ՈՒԵՖԱի պաշտոնական կայքը ներկայացրել Հայաստանի հավաքականի ավագ և դարպասապահ Ռոման Բերեզովսկուն: Ներկայացնում ենք լեգենդար դարպասապահի մասին պատմող նյութը։ 

1996 թվականի օգոստոսին Հայաստանի հավաքականի կազմում իր նորամուտը նշեց Ռոման Բերեզովսկին։ Երիտասարդ դարպասապահը օգնեց գոլազուրկ ոչ-ոքի խաղալ Պորտուգալիայի հետ Երևանում և երկար տարիներ մնաց հայկական թիմի համար առաջինը։ Այսօր նա 40 տարեկան է, և նա կրկին պատրաստվում է կասեցնել պորտուգալական հարձակումները։

«Դժվար է ինչ-որ բան հիշել 1996-ից,-խոստովանում է Բերեզովսկին։ — Հիշում եմ՝ մեծ ճնշում կար, գիտեինք, որ խաղում ենք ուժեղ թիմի դեմ։ Այդ ժամանակ վատ խաղ չանցկացրինք։ Վերջնամասում պորտուգալացիները 11-մետրանոցի իրավունք ստացան, և ես, ինչպես երբեք, ուզում էի այն որսալ։ Գնդակը դարպասաձողին դիպավ, ու մենք ոչ-ոքի ավարտեցինք։ Ա՜յ թե ուրախություն էր հանդիպումից հետո»։

Մինչ այժմ Հայաստանը չորս անգամ է հանդիպել Պորտուգալիային։ Բերեզովսկին մասնակցել է երեք հանդիպման ու ևս մեկ անգամ հավաքականին օգնել սեփական դաշտում ոչ-ոքի՝ արդեն 1:1 հաշվով ավարտել հանդիպումը Եվրո-2008-ի որակավորման փուլում։ Պատասխան խաղում ֆավորիտը հաղթել է նվազագույն առավելությամբ։

«Հստակ հիշում եմ, թե ինչ ուժ էր դիմակայում մեզ,-պատմում է դարպասապահը։ — Ում անունն էլ տալու լինեինք, բոլորը հայտնի ֆուտբոլիստներ էին, բոլորը ծարավի էին իրենց ցույց տալու միջազգային ասպարեզում։ Բայց մեր համախմբվածությունը մրցակցին թույլ չտվեց իրացնել իր այդ գերազանցությունը։ Ի վերջո ֆուտբոլ խաղում են ոչ թե անունները, այլ ֆուտբոլիստները»։

Այդ ժամանակներից Հայաստանի հավաքականում ներկայումս երեք ֆուտբոլիստներ են մնացել՝ Ռոման Բերեզովսկին, Ռոբերտ Արզումանյանն ու Էդգար Մանուչարյանը։ Պորտուգալական թիմն էլ արդեն այն չէ, բայց դա իրերի դասավորությւոնը չի փոխում։ «Ինչպիսին էլ լինեն անունները, պորտուգալացիները միշտ ուժեղ են։ Իզուր չէ, որ նրանց «եվրոպական բրազիլացիներ» են անվանում,-ընդգծում է վետերանը, ով երկրի պատիվը պաշտպանել է 90 հանդիպումներում։ — Ինչպես բոլորը, ովքեր խաղում են Պորտուգալիայի դեմ, մենք պետք է զգուշանանք Քրիստիանո Ռոնալդուից՝ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկից»։ Հատկապես, որ հենց Ռոնալդուն հավասարեցրեց հաշիվը 2007-ի օգոստոսի 22-ի խաղում։

Թեև Հայաստանը պատմականորեն իրեն ցույց է տվել որպես անհարմար մրցակից պորտուգալական հավաքականի համար, Բերեզովսկին պատրանքներ չունի։ «Դժվարագույն հանդիպում է լինելու,-ընդունում է նա։ — Պորտուգալացիները հիմա էլ խմբի ֆավորիտներից են։ Մեզ համար շատ կարևոր է պահպանել մեկնարկային հարձակողական խաղը, առանց դրա, համոզված եմ, ոչինչ չի հաջողվի։ Հանդիսատեսը նրանց առաջ կմղի, ու մենք պետք է դրան պատրաստ լինենք Մեզ պետք կլինի առավելագույնս կենտրոնացած խաղալ պաշտպանությունում ու որսալ մեր պահերը հարձակման գծում»։

Բեռնար Շալանդի սաները երկու խաղից հետո կարող էին մեկի փոխարեն երեք միավոր ունենալ, եթե Սերբիայի դեմ խաղում 89-րդ րոպեին բաց չթողնեին հաղթանակը։ Բայց եթե այն ժամանակ հայերը չէին կարող հույս դնել հիմնական կազմի հինգ ֆուտբոլիստների վրա, ապա հիմա Պորտուգալիա մեկնել են բոլոր լավագույնները՝ բացի Արազ Օզբիլիսից։ «Այսօրվա կազմը լավն է,-կարծում է դարպասապահը,-անցյալ խաղում մենք առանց հարձակման առաջատարների ցույց տվեցինք, որ կարող ենք գոլ խփել ու չպարտվել։ Բայց Հենրիխ Մխիթարյանի ու Յուրա Մովսիսյանի դերը շատ մեծ է»։

Եվրո-2016-ի եզրափակիչ փուլում առաջին անգամ 24 հավաքական կխաղա, ինչը հնարավորություն է տալիս թիմին հաղթահարել որակավորման փուլը, մանավանդ որ խմբում դեռ ոչ մի թիմ մեկից ավելի հաղթանակ չի տարել։ Բերեզովսկին էլ է այդ մասին երազում. «Մենք այնպիսի խմբում ենք, ուր բոլորը բոլորից կարող են միավորներ խլել։ Ես հավատում եմ հավաքականի հաջողությանը։ Ֆրանսիայի ուղեգրի համար պայքարը մինչև վերջին տուրը շարունակվելու է։ Կարևորն այն է, որ ամեն աղից առաջ գիտենք՝ կարող ենք միավորներ վաստակել, անկախ մրցակցի ով լինելուց»։

Բերեզովսկին պրոֆեսիոնալ կարիերան սկսել է դեռևս ԽՍՀՄ առաջությունում՝ «Կոշկագորեց» թիմի կազմում 1991-ին։ Բայց որտեղ էլ նա խաղացել է, միշտ կարողացել է համապատասխանել ժամանակի պահանջներին։ «Ֆուտբոլն, իհարկե, տեղում չի կանգնում, զարգանում է; Հիմա այն ավելի արագ է դարձել, պահանջվում է ավելի մեծ ֆիզիկական պատրաստվածություն։ Շատ են փոփոխությունները։ 90-ականների կեսերին մեզ մոտ անցումային շրջան էր, հետխորհրդային տարածքներում շատ հարցեր ու դժվարություններ կային։ Պայմաններն այնպիսին չէին, ինչպիսին հիմա»,-նշում է նա։

Սեպտեմբերին Բերեզովսկին դարձավ Եվրո-2016-ի որակավորման փուլի ամենատարեց ֆուտբոլիստը՝ խաղալով 40 տարեկան 34 օրական հասակում։ Պորտուգալիայի դեմ խաղում նա պետք է շրջանցի հյուսիսիռլանդացի Մայք Թեյլորին, լեհ Եժի Դուդեկին ու շոտլանդացի Ջիմ Լեյթոնին և դուրս գա եվրոպական հավաքականների ամենատարեղ ֆուտբոլիստների ցանկի տասներորդ հորիզոնական. Բերեզովսկին այդ խաղում կլիի 40 տարեկան 101 օրական։ Իսկ ավարտել նա չի պատրաստվում։ «Իզուր չեն ասում, որ դարպասապահը թիմի կեսն է։ Բայց շնորհիվ այն բանի, որ մեր հարձակման գիծն ավելի ուժեղ է դարձել, ինձ համար էլ խաղալն ավելի հեշտ է դարձել»։

Թեև Բերեզովսկին հավաքականին է նվիրել 18 տարի, որևէ խոսք չի կարող լինել հոգեբանական հոգնածության մասին, անգամ չնայած Մոսկվայի «Դինամոյում» նա միշտ չէ, որ ընդգրկվում է մեկնարկային կազմում։

«Հավաքականում յուրաքանչյուր խաղ ինձ համար տոն է,-ուղիղ ասում է նա,-ուրախ եմ, որ Հայաստանում նման տաղանդավոր խաղացողների սերունդ է հասունացել։ Անում եմ ամեն ինչ, որ հետ չմնամ երիտասարդներից, և կխաղամ հավաքականում այնքան,ինչքան ուժերս հերիքեն ու ինչքան ինձ հրավիրեն»։

Նախորդ հոդվածը‘Ռուբեն Սաֆրաստյան. Մեդալների շնորհումը վկայում է, որ Բաքվից ուղղաթիռը ոչնչացնելու հրաման է եղել’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրես. Վանոյի վտարանդիությունը ռեժիմի բնութագիրն է’