‘Նժդեհի բարեկամուհին մեկ տարի է՝ նստացույց է անում, իսկ նժդեհականներից արձագանք չկա’

1064

Այսօր՝ հունիսի 15-ին, լրանում է մեկ տարին, ինչ Նժդեհի բարեկամուհի Էմմա Սահակյանը նստացույց է անում նախագահի նստավայրի առջև: Հիշեցնենք, որ անցյալ տարի տիկին էմման հայտարարել էր նաև 21- օրյա հացադուլ:

iLur.am-ի հետ զրույցում կինը պատմեց, որ նույնիսկ ձմռանը ոստիկանները թույլ չեն տվել վրան տեղադրել, ինքը 8 ամիս շարունակ գիշերել է նստած, ինչի արդյունքում մարտին իրեն տեղափոխել են հիվանդանոց, դուրս գրվելուց հետո, սակայն, կրկին վերադարձել է նախագահականի առջև:

Էմմա Սահակյանը տեղեկացրեց, որ այսքան ժամանակ բողոքում է իր բարեկամուհի Սուսաննա Մարգարյանից, ով ապօրինաբար տիրացել է իր ունեցվածքին:

Բանն այն է, որ Էմմա Սահակյանը 1995 թվականից գրանցվել և ապրում էր հարազատ քրոջ՝ Օրբելի 8 հասցեում գտնվող բնակարանում: Քույրը հիվանդ էր, իսկ տիկին Էմման խնամում էր վերջինիս: Ժառանգ չունենալու պատճառով հիվանդ քույրը բնակարանը կտակել էր Էմմա Սահակյանի աղջկան:

«Երբ  Սուսաննան, ում հետ տասը տարի է՝ ոչ մի շփում չկար, իմացել էր, որ քույրս տունը կտակել է աղջկաս, սկսեց այցելել մեզ և ներխուժել մեր ընտանիք:  2009 թվականի հունիսին մահացավ իմ քույրը, դրանից հետո շարունակում էի այդտեղ ապրել: Հուլիսի 16-ին ընկերուհուս տնից վերադառնալուց հետո հայտնաբերեցի, որ Սուսաննան փոխել էր դռան փականները: Վերջինս հաշփտակել էր նաև ողջ ունեցվածքս ու բոլոր փաստաթղթերը: Մինչ ես կկարողանայի դիմել համապատասխան մարմինների, նա վաճառեց նաև քրոջս բնակարանը»,- պատմեց կինը՝ հավելելով, որ միայն տասն ամիս անց ոստիկանները գտել են իր ունեցվածքը: Սակայն երբ կինը մեկնել է ունեցվածքն ստանալու, տեսել է, որ այն ամբողջական չէ. բացակայում են ադամանդները, ոսկեղենն ու դրամը, ինչպես նաև այլ արժեքավոր իրեր: Տիկին Էմմայի պնդմամբ՝ իր ունեցվածքի արժեքը  կազմում է 60 000 ԱՄՆ դոլար:

«Ոստիկանությունը ոչ մի գույքագրում չի կատարել, ես էլ չեմ կարողանում ապացուցել, որ իմ արժեքավոր իրերը բացակայում են, Սուսաննային հաջողվել է ապօրինաբար տիրանալ իմ ունեցվածքին, իսկ ոստիկանությունն ու համապատասխան գերատեսչությունները չեն արձագանքում իմ խնդրին»,- ասաց կինը՝ նկատելով, որ անհաշիվ նամակներ է գրել պատկան մարմիններին, մեկ տասյակից ավելի նամակ՝ միայն նախագահական, բայց ապարդյուն. ոչ ոք չի ուզում հաշվի առնել Նժդեհի բարեկամուհուն:

Տիկին Էմմայի պնդմամբ՝ իրեն անհայտ է, թե ինչպես է իր բարեկամուհուն հաջողվել տիրանալ բնակարանին և իրավունք ստանալ վաճառելու այն: Ըստ նրա՝  ոստիկանական համակարգի ապօրինությունների պատճառով այսօր ինքը հայտնվել է դրսում՝ առանց իր ունեցվածքի:

Չնայած դրան՝ կինը նստացույցը բնորոշեց պայքարի մի ձև և պատրաստակամություն հայտնեց իր իրավունքների վերականգման համար պայքարել մինչև վերջ:

Լիլիթ Լալայան

Նախորդ հոդվածը‘Այսօր՝ հունիսի 15-ին սպասվող իրադարձությունները’
Հաջորդ հոդվածը‘Աշտարակում խնձորի այգիների տարածքում աղբավայր կկառուցվի’