‘Նորվեգիայում մեկնարկում է շախմատի համաշխարհային օլիմպիադան’

1364

Oգոստոսի 2- ին, Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում մեկնարկում է շախմատի 41-րդ օլիմպիադան: Հայաստանի հավաքականը մրցաշարին հանդես է գալու հետևյալ կամով. Լևոն Արոնյան (անհատական գործակիցը՝ 2805 ), Սերգեյ Մովսիսյան (2672), Վլադիմիր Հակոբյան (2655), Գաբրիել Սարգսյան (2688) և Տիգրան Քոթանջյանը (2500): Միջին վարկանիշով Հայաստանի ընտրանին 4-րդն է. մեր տղաներից ավելի լավ վարկանիշ ունեն Ռուսաստանի, Ուկրաինայի և Ֆրանսիայի հավաքականները: Հիշեցնենք, որ վերջին 4 օլիմպիադաներից 3-ում մեր տղամարդկանց հավաքականը գրավել է առաջին տեղը. 2006-ին Թուրինում, 2008-ին Դրեզդենում ու 2012-ին Ստամբուլում:

Օլիմպիադային մասնակցելու են գրեթե բոլոր ուժեղագույն շախմատիստները, այդ թվում՝ աշխարհի գործող չեմպիոն, վարկանիշային աղյուսակը 2877 միավորով գլխավորող Մագնուս Կառլսենը (Նորվեգիա): Համաշխարհային օլիմպիադային մասնակցելու են՝ տղամարդկանց մրցաշարում 176, իսկ կանանց մրցաշարում 140 երկրի հավաքականներ: Օլիմպիադայի խաղացանկը բաղկացած է 11 տուրերերից: Մրցաշարի հաղթողները հայտնի կդառնան օգոստոսի 14-ին:

Կանանց մրցաշարում մարզիչ Տիգրան Չիբուխչյանի գլխավորությամբ, Տրոմսյոյում Հայաստանը ներկայացնելու են Էլինա Դանիելյանը (2458), Լիլիթ Մկրտչյանը (2446), Լիլիթ Գալոյանը (2277), Մարիա Կուրսովան (2331) և Շուշաննա Սարգսյանը (2107):  Մեր աղջիկները միջին վարկանիշով 11-րդն են: Վերջին օլիմպադայում Հայաստանի կանանց հավաքականը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը, ինչը լավագույն արդյունքի կրկնությունն էր:

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանի շախմատի տղամարդկանց ու կանանց հավաքականներն այսօր մեկնել են Տրոմսո:

Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանն ասել է, որ երկու օրը բավական է, որպեսզի շախմատիստները հարմարվեն ու պատրաստ լինեն այդ կարևոր մրցաշարին:

Հայաստանի հավաքականի խաղերին կարող եք հետևել iLur.am-ի ուղիղ եթերում:

Նախորդ հոդվածը‘ԵՄ դեսպանները քննարկում են Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները’
Հաջորդ հոդվածը‘Եղանակ. երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ’